— Բայց ի՞նչ կա վերջապես, ի՞նչ պատահեց սրան, ասացեք տեսնեմ,— վրդովված հարցրեց Աստղիկը։
— Մի դատարկ լուր, որ այս պարոնը քաջություն չունեցավ լսելու։
— Բայց ի՞նչ լուր է այդ։
— Մեզ պսակելու հրաման չեն տալիս, Աստղի՛կ, մեզ չհաս են անում,— նվաղած ձայնով պատասխանեց Պետրոսը։
—Չհա՞ս… և ի՞նչ կողմից,— զարմացմամբ հարցրեց օրիորդը։ Այս խոսքի վերա ներս եկան Եղիսաբեթը և Հռիփսիմեն, ողջունեցին տեր հորը և նկատելով հանկարծ Պետրոսի ու Աստղիկի շփոթությունը, վախեցած հարցրին.— «Ի՞նչ է պատահել սրանց…»։
— Մեզ պսակվելու հրաման չեն տալիս, ահա՛ թե ինչ,— պատասխանեց Աստղիկը։
— Ինչո՞ւ համար, ի՞նչ պատճառով,— գրեթե միաբերան հարցրին երկու տիկինները։
— Ասում են, որ ազգականություն կա սրանց մեջ. ահա՛ թե ինչ պատճառով,— պատասխանեց տեր Գարեգինը։
Երկու մայրերը խորհրդավոր հայացքով նայեցին միմյանց վերա և մնացին լուռ։
— Մայրիկ, դուք երևի գիտեք, թե ի՞նչ ազգականություն ունինք մենք իրար հետ,— նկատեց Աստղիկը.— հապա ասացեք, ես անհանգստությունից տանջվում եմ։
— Ես էլ նրանց չափ տեղեկություն ունիմ ձեր ազգակցության վերա.— ասաց տեր Գարեգինը.— դու և Պետրոսը եղբոր և քրոջ թոռներ եք:
— Բայց մի՞թե դա այնպիսի մերձավորություն է, որ կարողանա արգիլել սրանց միությունը,— հարցրեց տ. Եղիսաբեթը։
— Այո՛, եկեղեցական օրենքով կարող է արգիլել։
— Բայց որքա՛ն այդ տեսակ պսակներ են կատարել մինչև այսօր, ինչո՞ւ եկեղեցական օրենքը չէ արգելել նրանց,— հարցրեց տ. Հռիփսիմեն։
—Նրանց էլ օրենքը արգիլել է, բայց պսակողները քանդել են այդ օրենքը։