Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրտ չունին, որոնք զգալ չգիտեն, որոնք երբեք չեն սիրել… Իսկ դուք, տեր Գարեգին, դուք ի՞նչ եք ասում,— դարձավ օրիորդը քահանային,— դուք, որ զարգացած երիտասարդ եք, դուք, որ գիտեք անշուշտ, թե ինչ ասել է սիրո բաժանում, մի՞թե դուք էլ համաձայն եք ձեր ժողովի վճռին, մի՞թե դուք է՞լ եք հրամայում մեզ բաժանվել միմյանցից…

— Ես գազան չեմ, օրիորդ, ոչ էլ մարդկային դժբախտություններին սառնությամբ նայելու ընդունակ. ես էլ իմ սրտում կրում եմ մի զգայուն սիրտ, որ մորմոքվում է ձեր այդ խոսքերով, որ դողում է ձեր ապագայի վերա… ես խոսեցի ձեզ ուրիշների համոզմունքի մասին և ոչ իմ. այն ժողովը, որ գումարվել էր ձեր բախտը որոշելու համար, ես նրան դատապարտեցի դեռևս չգումարված։

— Ուրեմն դուք համաձայն չեք մյուս քահանաների հետ,— կարծես ուրախանալով հարցրեց տ. Հռիփսիմեն:

— Իհարկե ոչ։

— էհ, ուրեմն դուք կարող եք պսակել մեր որդիներին,— միամտաբար նկատեց տիկինը։

— Բայց ինձ պետք է հրաման տան դրա համար… հակառակ դեպքում ինձ կարգալուծ կանեն, իսկ ձեր որդիների պսակը կլուծեն։

— Տեր հայր, որ ես սիրում եմ այս աղջկանը, այս հաստատ է,— լրջորեն խոսեց Պետրոսը,— որ ես չեմ բաժանվիլ սրանից, թեկուզ ամբողջ դժոխքը զինվի իմ դեմ, այս ավելի հաստատ է. ուրեմն ձեզ մնում է հասկացնել ձեր պաշտոնակիցներին, որ նրանք պետք է ինձ հրաման տան պսակվելու առանց հապաղման, ես այդ չեմ խնդրում նրանցից իբրև շնորհ, այլ պահանջում եմ իբրև իրավունք, որովհետև երբ ես սիրում եմ մի աղջկա, որ իմ հարազատ արենառուն չէ ոչ մոր, ոչ հոր, ոչ եղբոր և ոչ քրոջ կողմից, և երբ այդ աղջիկն էլ ինձ է սիրում, երբ մենք երկուսս միասին մեր կյանքը, մեր բախտը և երջանկությունը մեր միության մեջ ենք գտնում, մենք պետք է ամուսնանանք. սա մի արդար և բնական օրենք է։ Հետևապես ոչ մի դեպքում և ոչ մի պայմանով ես չպիտի հնազանդեմ այդ քահանաների քմահաճ վճռին։ Թող նրանք իրենք որոշեն, թե ո՞րն են գերադասում. հրաման տալ ինձ