Էջ:Muratsan, vol. 2.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևում էր նրանց, խոսակցելով յուր եղբոր և նրա կնոջ հետ, բայց միևնույն ժամանակ տեսությունից չհեռացնելով երիտասարդ զույգին, ինչպես մի հմուտ որսորդ, որ քայլ առ քայլ հետևում է միամիտ երեին։

Ինչ վերաբերում է օըիորդ Ամալիային, նա շատ հաճությամբ էր լսում նոր բարեկամի զրույցներն ու հաճոյախոսությունները, ինչպես առհասարակ բոլոր նորավարտ սանուհիները, հետևապես առանց դիմադրության էլ ընդունեց նրա առաջարկությունը երկրորդ կադրիլում յուր հետ պարելու։

Մաշտոցյանի բարեկամները, տեսնելով նրան պարահանդեսի այդ միակ թագուհու հետ մտերմացած, նախանձից մեռնում էին, բայց որովհետև նրան խանգարել չէին կարող, հետևապես ստիպված էին իրենց ճակատագիրը անիծելու։

Պարահանդեսի վերջում պարոն Մաշտոցյանը մի մեծածախ ընթրիքով պատվասիրեց Ագապյան և Սիմբրյան գերդաստանի չորս թանկագին անդամներին ու գոհ սրտով և հոգվո ամենաուրախ տրամադրությամբ վերադարձավ տուն:

Զ

Անհրաժեշտ մի փոքրիկ բացատրություն նախընթաց երեկոյան պարահանդեսի ժամանակ պարոն Գևորգ Սիմբրյանի բռնած ընթացքի համար։

Այն օրից սկսած, որ օրիորդ Ամալիան թողեց օրիորդական գիշերօթիկը, նրա ապագայի խնդիրը ծանրացավ պարոն Սիմբրյանի սրտի վերա։ Ինչպես հարազատ մորեղբայր և շատ չար ու բարի տեսած մարդ, նա գուշակում էր, թե ինչ թշվառ վախճան կունենար այդ աղջկա վերաբերությամբ այսօրվա ունեցած ամենափոքր անհոգությունը։

Նա գիտեր, որ գեղեցկությունը երկսայրի սուր է մի կնոջ ապագայի համար. նա կարող է բարձրացնել նրան մինչև երջանկության գագաթնակետը կամ գլորել թշվառության անհատակ անդունդը։ Մի առաքինի և հաստատուն բնավորության տեր կնոջ համար գեղեցկությունը թանկագին զարդ է. նա ստիպում է մարդկանց ճանաչել իրմով առաքինությունը