Էջ:Muratsan, vol. 2.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և պաշտել նրան. նա հարգանք է ծնեցնում նույնիսկ ապառաժ սրտերում. ճշմարիտ արժանավորությունը երկրպագվում է նրա շնորհիվ։ Բայց նույն այդ գեղեցկությունը մի դժբախտություն է թեթևամիտ և սնափառ կնոջ համար։ Այգ գեղեցկությամբ, ճշմարիտ է, նա խմբում է յուր չորս կողմն անթիվ երկրպագուներ, բայց դրանցից ամեն մեկը մոտենում է նրան յուր որոշ նպատակով, առանց ներքին հարգանքի, առանց ազնիվ զգացմունքների… Մի քանի գողտրիկ հաճոյախոսություններ, մի քանի քաղաքավար շարժմունքներ, որոնք մեր շատ երիտասարդների միակ արժանավորությունն են կազմում և որոնք սակայն բավականաչափ գգվում են թեթևամիտ գեղեցկուհիների ինքնասիրությունը, կարողանում են այս վերջինների սիրտն ու զգացմունքը հաղթահարելու և նրանց գերելու։ Այնուհետև վտանգը դառնում է անխուսափելի և կորուստը տեղի է ունենում յուր բնական ճանապարհով։ Զղջումը վերա է հասնում հենց այն ժամանակ, երբ արդեն կորուստը անդառնալի…

Այս ամենը քաջ գիտենալով, պարոն Սիմբրյանը շտապում էր գտնել յուր քեռդստեր համար մի արժանավոր փեսացու և ամուսնացնել նրան որքան կարելի է շուտ, այսինքն` քանի որ դեռ Ամալիան շատ չէր ծանոթացել աշխարհի հետ և քանի որ նա ազատ էր անսիրտ և անհոգի երիտասարդության դավադրություններից։ Բացի այս, պարոն Սիմբրյանին հարկավոր էր Ամալիայի շնորհիվ բարեկամանալ այնպիսի մի մարդու հետ, որ նյութական մեծ ուժ ունենար և որ հարկավոր ժամանակում բարեհաճեր իրեն թև ու թիկունք դառնալու։ Հենց այս էր, եթե չեմ սխալվում, և իշխանուհի Դարիայի ցանկությունը։ Բայց ո՞վ էր Թիֆլիսի մեջ այն անձը, որ թե՛ գեղեցիկ, թե՛ առողջ և թե՛ զարգացած լիներ Ամալիային հաճելի լինելու համար և թե՛ հարուստ պարոն Սիմբրյանին և յուր քրոջը գրավելու համար։ Այդպիսին միայն Արսեն Մաշտոցյանն էր, որին ճանաչում են ընթերցողները։

Եվ ահա պարոն Սիմբրյանը մոտենում է նրան, տեղեկանում է նրա ամուսնանալու ցանկությանը և իշխանուհի Ամալիային արժանի գովեստներով առաջարկում է Մաշտոցյանին նրա ձեռը։