Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավարտել այս գործը մինչև անգամ առանց ձեզանից մի սև փող խնդրելու։

— Եթե այդպես է, ես խոստանում եմ նրա գրավոր համաձայնությունը բերելու ձեզ։

— Այն ժամանակ ես էլ ձեր պսակի հրամանագիրը անհապաղ կհանձնեմ ձեզ։

Պետրոսը ուրախացավ բարեկարգչի այս նոր խոստմունքով և դիմեց տեր Գարեգինին, այս նորության համար նրանից խորհուրդ հարցնելու։

— Բարեկարգիչը շատ ճշմարիտ խոսք է ասել քեզ,— նկատեց տեր հայրը Պետրոսին, երբ սա հաղորդեց նրան յուր նորությունը.— տեր Սարգիսը այն քահանաներից մինն է, որոնք օրենքը գործ են ածում իբրև զենք, ոչ թե հանցավորները պատմելու, այլ անձնական շահերը պաշտպանելու համար։ Նրա համար նշանակություն չունի, թե ո՞վ ինչպես է դժբախատնում, կամ թե՝ յուր ժողովրդականներից մինը ինչպես կարող էր յուրմով բախտավորվիլ. նա հետազոտում է միայն եկամտի ճանապարհները և նրանց մեջ թակարդներ լարելով է զբաղված։ Այսուամենայնիվ փորձիր նրա սիրտը ամոքել,— ավելացրեց տեր հայրը,— գուցե մի անգամ նա հաշտվում է յուր խղճի հետ։

Պետրոսը յուր քահանայի խոսքերից չհուսահատվեցավ և որոշեց վերջին անգամ տեսնվել տեր Սարգսի հետ։ Միևնույն խորհուրդը տվին նրան և տ. Եղիսաբեթն ու Աստղիկը, որոնք սկզբից լավ համարում ունեին այդ քահանայի վերա և չէին կամենում վերջին դեպքերի առթիվ հեշտությամբ փոխել դրա մասին ունեցած իրենց համոզումը։

Բայց ճանապարհին պատահեց Պետրոսին Վարի-թաղի եկեղեցու հին սպասավոր և տեր Սարգսի մշտական թշնամի տիրացու Հակոբը, որի անունը մի անգամ առիթ ունեցանք հիշելու և որը Պետրոսին մի քանի կարևոր նորություններ պատմեց։

Տիրացու Հակոբը հայտնի էր յուր անողոք ճշմարտասիրությամբ, այդ պատճառով էլ բոլոր քահանաներից ավելի տեր Սարգիսն էր նրան ատում։ Նույնիսկ առաջնորդը չէր սիրում նրան և հենց նրա ճշմարտախոսությունն էր պատճառը,