Էջ:Muratsan, vol. 2.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջինս չէր ճանաչում այդ աղջկանը և պնդում էր, որ չեր տեսել նրան ոչ մի տեղ, հետևապես անկարող էր ընդունել Սիմբրյանի առաջարկությունը, նախքան աղջկա հետ ծանոթանալը։ Այդ պատճառավ նա խոստացավ նրան Ակումբի առաջին պարահանդեսին ներկա գտնվիլ մի փոքր ժամանակով և այդտեղ օրիորդի հետ ծանոթանալուց ետ, հայտնել Սիմբրյանին յուր վերջնական որոշումը։

Այնուհետև արդեն հայտնի է ընթերցողներին, թե այս ժամադրությունը ինչպես տեղի ունեցավ և ինչ վախճան ստացավ։

Բայց ո՞րքան մեծ եղավ պարոն Սիմբրյանի զարմանքը, երբ պարահանդեսի հաջորդ օրը հայտնելով յուր այս դիտավորությունը իշխանուհի Դարիային` նրանից մերժումն ստացավ։

— Իմ աղջիկը ես այդպես շուտ մարդու տալ չեմ կարող, և ա՛յն առաջին պատահած երիտասարդին,— նկատեց իշանուհին.— Ամալիան այնքան երիտասարդ և այնքան գեղեցիկ է, որ Մաշտոցյանից ավելի հարուստ և ավելի պատվավոր մարդիկ կարող են խնդրել նրա ձեռքը. բացի այս, Մաշտոցյանը մի վաճառական է և ուրիշ ոչինչ. իսկ մի վաճառականը Ամալիայի համար շատ քիչ է. իմ աղջիկը իշխանազն է և իշխանի հետ էլ պիտի ամուսնանա. եթե այդ չհաջողվեցավ, գոնե մի գեներալի հետ, և ոչ թե մի հասարակ վաճառականի, որի հայրը տասնյակ տարիներ առաջ մի փերեզակ էր։

— Դարիկո, եկ ես ու դու մեր մեջ անկեղծությամբ խոսենք, այստեղ մեզ ոչ ոք չի լսում,— մի փոքր վրդովված խոսեց Սիմբրյանը.— այդ բոլորն ինչ որ դու ասացիր, միայն դատարկ խոսքեր են, ես ինքս շատ լավ եմ ճանաչում ձեր իշխանական տան արժեքը, ձեր իշխանազնությունը դեռ չէ ապացուցանում, որ դուք մեծ մարդիկներ եք. կամենո՞ւմ ես այդ իշխանազն ցեղից ես լակեյներ կբերեմ քեզ համար։ Բայց բանը նրանումն է, թե արդյոք այդ իշխանական տիտղոսի և նրա համար ունեցած ձեր մեծամտության արժանավայել կարողություն էլ ունի՞ք դուք։ Կարո՛՛ղ ես արդյոք մի քանի տարի շարունակ այնպես պատվավոր պահել քո աղջիկը