Էջ:Muratsan, vol. 2.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ քո ցանկացած իշխաններն ու գեներալները հետամուտ լինին նրա ձեռքը խնդրելու։ Պատիվն էլ եթե մյուս կողմը դնենք, փող ունի՞ս դու նրան երեկվա պես միշտ զուգված ու զարդարված պահելու, կամ գոնե խելք` սրիկաների որոգայթներից նրան միշտ ազատ պահելու։

Եվ վերջապես ինչու՞ համար ես իշխան ու գեներալ պտրտում, մեր կյանքի միակ նպատակը երջանիկ ապրելը չէ՞. է՜հ ո՞ր իշխանի տանը կարող է Ամալիան այնքան բախտավոր լինել, որքան Արսեն Մաշտոցյանի տանը։ Իշխանությունն էլ, ուժն էլ, պատիվն էլ այժմ փողի մեջ է, իսկ Մաշտոցյանն այնքան փող ունի, որ քո աղջկանը ոչ թե իշխանուհու, այլև պրինցեսի պես կարող է պահել։ Ի վերջո ի՞նչ ես դու շատ իշխանազնությունից խոսում, քո եղբայրը ես չե՞մ, մեր հայրը մի աղքատ կոշկակար չէ՞ր, և եթե մեր հարևան Ղարսոյի ողորմությամբ ես մի քիչ ուսում չառնեի ու իմ խելքի ուժով անուն չաշխատեի, դուն Ագապյանների հարսը կդառնայի՞ր։ Մի քանի տասնյակ տարի առաջ երազումդ էլ չէիր տեսնում, թե ինչ բան է իշխանազնությունը, բայց հիմա քո մեծամտությունն ինձ վերա ես ուզում ծախել: Թող, քույրիկս, այդ հիմարությունները, մենք իրար ճանաչում ենք և միմյանց չպետք է խաբենք։

Իշխանուհին տեսավ, որ էլ ընդդիմանալու տեղը չէ. յուր առաջ նստած էր այն եղբայրը, որ ճանաչում էր յուր անցյալը և ներկան և որին ինքը պարտական էր յուր բոլոր գոյությամբ. պետք էր լսել նրան։ Բայց ո՞վ չգիտե, որ տարիներով պաշտած ու գուրգուրած իդեալը մի օրում ուրանալ հեշտ չէ։

Դեռ Ամալիան մի փոքրիկ աղջիկ էր, որ իշխանուհին պարծենում էր նրա ապագայով. նա մտածում էր նրա բախտի վերա պատվաստել յուրը և նոր իշխանական տան խնամությամբ բարձրացնել Ագապյանի տան ընկած անունը: Այսօր այդ բոլորը ցնդվում էր օդի մեջ, որովհետև տխուր իրականությունը գալիս էր նրան համոզելու, թե պետք է հնազանդվել յուր եղբոր վճռին։ Այսուամենայնիվ իշխանուհին վերջին միջոցը գործ դրեց անուղղակի ճանապարհով յուր եղբոր դիտավորությունը խանգարելու։