Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդտեղ հոսող առվակի վրայից և նրա ուղղությամբ դեպի խորն առաջանալով՝ կանգ առավ մի բարձր և ստվերաշատ կաղնու տակ։ Երբ իջանք ձիերից, այդ ժամանակ միայն նշմարեցի վճիտ ու հորդ աղբյուրը, որ բխում էր կաղնին պատող ժայռերի տակից և հեզասահ մրմունջով հոսում դեպի ձորամեջը։

— Օ՜հ, ի՜նչ հրաշալի տեղ բերիր ինձ, Պե՛տո,— բացականչեցի հիացած,— այստեղ կարելի է ամբողջ օրերով մնալ։

— Այստեղ կարելի է միայն լվացվել, ճաշել և մի ժամ քնել,— նկատեց Պետոն։

— Ուրիշ ոչի՞նչ, հարցրեցի ես:

— Մեկ էլ ինձ ու քեզ նման քաջերին թալանել,— պատասխանեց նա և սկսավ ծիծաղել։

Ես էլ ծիծաղեցի, բայց ոչ Պետոյի չափ սրտանց։ Նրա կատակի մեջ կար մի ճշմարտություն, որ չափավորեց իմ ծիծաղը։ Այդ տեղն, արդարև, բանաստեղծական գեղավայր էր, բայց զուրկ չէր նաև գլուխներ թռցնելու հարմարությունից։ Իսկ գլուխ թռցնողներ, մանավանդ ամռան ամիսներում, երբ թափառական ցեղերը դաշտից չվում են լեռները, վխտում էին ամեն տեղ։ Իմ ուրախ տրամադրությունը փոխվեցավ. բայց ոչ նրա համար, որ ավազակներից վախեցա, այլ որովհետև սկսա մտածել թե՝ այս երկրի խաղաղակյաց և աշխատասեր ժողովուրդը յուր ո՞ր մեղքի համար է դատապարտվել ավազակ ու մարդասպան դրացիների հետ կենակցելու։

Այս մտածմունքներն, արդարև, կնճռեցին իմ ճակատը, բայց ես անձնատուր չեղա նրանց, որովհետև հիշեցի բժշկիս խոսքը թե՝ մի՛ մտածիր այն ցավերի մասին, որոնց դարմանելը վեր է քո ուժից։ Ուստի մոտենալով ականակիտ աղբյուրին, առատորեն լվացվեցա նրա սառը ջրով և ապա պայուսակս բանալով, հանեցի պաշարի կապոցը և սեղան պատրաստեցի։ Պետոն, որ ձիերը տարել էր արոտի կապելու, վերադարձավ, և մենք նստանք ճաշի։

Որպեսզի տրամադրություննիս նորեն զվարթանար, ես զոռ տվի բարերար գինուն և սխալ չարի։ Կես ժամից հետո