Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղի վերնակողմը՝ նրա ընդհանուր դիրքը և շրջապատը տեսնել, որպեսզի հավաստիանամ թե՝ ո՞րքան հարմար ամառանոց եմ ընտրել։

Բակի մի անկյունում տիրուհին և յուր հարսը կթում էին կովերը, որպեսզի նախիրը արոտ ուղարկեն։ Սարգիսը մոտ կանգնած օգնում էր նրանց՝ առաջ բերելով կովերը: Որպեսզի նոթի տանից դուրս չգայի, մոտեցա նրանց և մի բաժակ կաթ խնդրեցի։ Հերիքնազն իսկույն վայր դրեց կովկիթը և վազելով տուն՝ բերավ մի մեծ բաժակ և յուր ձեռքով կթելով կաթը նրա մեջ, տվավ ամուսնուն և վերջինս՝ ինձ։ Ես ախորժանոք դատարկեցի անուշահամ ընպելիքը և խնդրեցի երկրորդը, որը նույն հոգածությամբ դարձյալ լցվեցավ և նույն ճանապարհով հանձնվեցավ ինձ։ Իմ նախաճաշը վերջացել էր, որի համար շնորհակալություն անելով՝ հարցրի Սարգսից գյուղի վերին կողմերն անցնելու ճանապարհը և հեռացա։

Ես գնում էի մանվածապատ, նեղ և զառիվեր փողոցներով, որոնցից շատերը կազմում էին պարտեզների շրջապատ ցանկերը։ Ուրախ էի, որ ոչ մի տեղ շներ չպատահեցին՝ իրենց աղմուկով ինձ ուղեկցելու համար։ Երբ գյուղի վերին ծայրը հասա, արևի առաջին ճառագայթներն ընկան մոտիկ բլրի վրա, որ ծածկված էր գեղեցիկ անտառակով։ Հասնելով այդ բլրին, սկսա նրա վերին կողմից դիտել գյուղը և նրա շրջապատը։

Ն. գյուղը, որ զուտ հայաբնակ է, գտնվում էր մի գեղեցկադիր և արեգընդդեմ լեռնալանջի վրա, որի շարունակությունը դեպի լեռը՝ ծածկված էր ամբողջապես անտառով։ Գյուղի դիրքը մասամբ սարահարթ և մասամբ զառիվայր էր։ Տները, որոնց թիվը երկու հարյուրից ավելի պիտի լինեին, շինված էին խառն ի խուռն և, մեծ մասամբ, ետևի կողմից գետնին հավասար։ Գետնի մակերևույթից բարձր տներ, առանձնապես, գտնվում էին գյուղի այն մասում, որի դիրքը սարահարթ էր։ Գյուղը, ըստ ամենայնի, նման էր մյուս բոլոր հայաբնակ գյուղերին, միայն այն առավելությամբ, որ այստեղ ամեն տուն ուներ յուր մեծ կամ փոքր պարտեզը և սարերից իջնող ջրերն այնքան էին