Եկեղեցին թեպետ հնաշեն ու պարզ, բայց բավական ընդարձակ էր, սպիտակ ներկած թե՛ դրսից և թե՛ ներսից։ Եկեղեցու ներքին զարդարանքն այնքան էր, որքան մի գյուղական եկեղեցի կարող էր ունենալ առանց ժողովրդին ավելորդ ծախքի ենթարկելու։ Նա ուներ նաև մի փոքրիկ զանգակատուն՝ երկու հին զանգակներով և մի երկաթե սևացած խաչով։ Իսկ ուսումնարանը՝ երեք ընդարձակ և լուսավոր և երկու էլ փոքրիկ սենյակներից բաղկացած մի տուն էր, նույնպես ընդարձակ և լայնադիր պատշգամով։ ուսումնարանի շորս կողմը տնկված էին մի քանի կարգ գեղեցիկ ծառեր, որոնք ամբողջ շենքի շուրջը կազմում էին կանոնավոր ծառուղիներ։ Ընդհանրապես, թե՛ եկեղեցու և թե՛ դպրոցի շուրջը գտնվող ծառերից ազատ տեղերը ծածկված էին կանաչ ածուներով և ծաղիկների թփերով, որոնց բոլորի վրա երևում էր, որ հսկում է մի հոգատար ձեռք: Այս բոլորը, սակայն, մի հայ գյուղի վերաբերմամբ այնքան անբնական, կամ, գոնե, անսպաս բաներ էին, որ ես ինձ զգում էի մի ինչ-որ անհասկանալի դրության մեջ և անհանգիստ սպասում՝ այդ դրությունը ստեղծող հանելուկների լուծման։
Դեռ զբոսնում էի եկեղեցու բակում, երբ տեր-հայրն ու կույս-Աննան եկեղեցուց դուրս գալով՝ ուղղվեցան դեպի ինձ։ Ես ևս իմ կողմից առաջացա դեպի նրանց։
Բայց, աստվա՜ծ իմ, այս կինը ինձ հանդիպող հանելուկների մեծագույնն էր։ Այս ետ ընկած հայ գյուղում, այս վայրենի լեռներում դիմում էր դեպի ինձ Կոմոլետտիի «քույր-Թերեզան»։ Նույն գեղեցիկ հասակը, նույն սիգաճեմ գնացքը, նույն ազնվական տիպարը, որ ես թատրոնի բեմի վրա, կուսանոցի պատերում քույր-Թերեզայի մեջ էի տեսել, այդ բոլորը ճշտությամբ գտնում էի այստեղ՝ ինձ մոտեցող կնոջ մեջ։ Կարո՜ղ էի միթե զարմանքս չափավորել և ապուշի կերպարանք չառնել։ Իմ բախտից ժամավոր կանանցից մինը, հենց ճանապարհի կիսում, կանգնեցրեց երկուսին և ինչ որ բան էր հարցնում, կամ հաղորդում նրանց։ Ես ժամանակ ունեցա զգաստանալու և, մինչև անգամ, խոսելու նյութ ընտրելու։