Երբ իրար մոտեցանք, ողջունեցի տեր-հորը և կույս-Աննային ասելով.
— Այսօր ես այստեղ երկու խիստ ուրախացնող անակնկալների հանդիպեցա. առաջին՝ ձեր եկեղեցու հրաշալի երգեցողությունը, որի նմանը, խոստովանում եմ, լսած չէի ոչ մի տեղ և երկրորդ՝ այս գեղեցիկ դպրոցական շենքին, որի գոյությունն այսպիսի մի հեռավոր գյուղում չէի կարող երևակայել։
— Այդ բոլորը ահա՛ , մենք այս քրոջն ենք պարտական. նրան պետք է շնորհակալ լինել։— Այս ասելով՝ տերհայրը ծանոթացրեց ինձ կույս-Աննային, հայտնելով իմ ո՛վ, ո՛րտեղացի լինելս և ինչ նպատակով իրենց գյուղն այցելելս։
— Շատ ուրախ եմ, որ երկար պիտի վայելենք ձեր ընկերակցությունը,— ասաց միանձնուհին,— վաղուց է քաղաքացի հյուր չենք ունեցել։ Իսկ այս գյուղն,— ավելացրեց նա,— առողջարար է, կարող եք հուսալ, որ կատարյալ առողջություն կգտնեք։
— Ուրախ կլինիմ, եթե ձեր գուշակությունը կատարվի,— ասացի,— բայց եթե չկատարվի իսկ, դարձյալ ես գոհ եմ, որ այս գյուղն այցելելով, ձեզ ու ձեր գեղեցիկ գործերին ծանոթացա, այս արդեն մեծ բախտ եմ համարում ինձ համար։
— Ձեր խոսքերր պետք է ընդունեմ իբրև խրախուսանք, ապա թե ոչ ես այդքան էլ գովության արժանի գործեր չունիմ,— նկատեց կույսը ժպտալով,— իմ կողմից կցանկանամ, որ մեր լեռները ձեզ պարգևեն կատարյալ առողջություն, որովհետև առանց դրան մարդն անկարող է, նույնիսկ, բարին ու գեղեցիկը տեսնել, կամ սիրել:
— Անշուշտ, անշուշտ, դուք ինձանից ավելի կառողջանաք, մեր գյուղը թշնամի է ամեն տեսակ տկարության,—հարեց տեր-հայրը։
Այսպես խոսելով մենք առաջ անցանք։ Այժմ միջոց ունեի միանձնուհուն դիտելու։
Չնայելով տարիքին, որ, տեր-հոր ասելով, քառասունից ավելի էր, այդ կինը տակավին մի կատարյալ գեղեցկուհի էր: