Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ուներ բարձր ու բարեկազմ հասակ, որ մի առանձին շուք ու վեհություն էր տալիս նրա տխուր հանդերձին, գեղեցիկ ու սեգ գլուխ, որ սքողված էր միանձնուհու սևաթույր շղարշով, գողտր ու ազնվական դեմք, ուր կարծես վարդագույն թալկանում էր սպիտակ մարմարիոնի վրա և մեծ-մեծ, սևորակ աչեր, որոնց մեջ վառվում էր մի դյութող կրակ՝ անբաժան, սակայն, սրբազան կայծերից։ Երկայնատեգ արտևանունքներ եզերում էին նրա այդ լուսո լիճերը և գեղակամար հոնքերը՝ հովանավորում նրանց։ Նուրբ, ողորկ քիթը և փոքրիկ սիրուն բերանը հազիվ գունավոր շրթունքներով՝ լրացնում էին նրա կլասիկական գեղեցկությունը։ Միայն մի անուշ տխրություն մեղմում էր նրա աչքերի կրակը և նվազեցնում դեմքի դյութական աշխույժը։ Սակայն դրանց փոխարեն` նրա թափանցող հայացքի մեջ փայլում էր խելք և առաքինություն իսկ դեմքի վրա ազնվական վեհություն։

Առաջին վայրկենից իսկ այդ կինը մի հզոր պատկառանք ազդեց ինձ վրա, և ես, չգիտեմ ինչո՞ւ, սկսա ճնշվել նրա առաջ և չգիտեի թե ուրիշ ինչ նյութի վրա խոսեմ։ Նա ինքն էլ կարծես զգալով յուր` ինձ վրա արած ազդեցությունը, սկսավ շարունակել խոսակցությունը, հարցնելով ինձանից տեղեկություններ մեր քաղաքի, նրա ուսումնարանների և ազգային մի քանի հարցերի մասին, որոնք այդ ժամանակ առօրյա էին։ Ես գիտցածս հաղորդում էի նրան։

Երբ այսպես խոսակցելով գյուղամեջը հասանք, միանձնուհին ներողություն խնդրեց, որ մեզ պիտի թողնե, մոտիկ մի հիվանդի այցելելու համար։ Տեր-հայրն առաջարկեց գալ մեզ մոտ ճաշելու, բայց նա հրաժարվեց, առարկելով թե` այդ խոստումն արած է ուրիշին։ Ես, իհարկե, շատ ցավեցի, որովհետև ցանկանում էի խոսել նրա հետ երկար։ Բայց երբ իմ ցավը հայտնեցի տեր-հորը, նա ասաց, — Հոգ չէ, էլի կտեսնվինք, նա հաճախ գալիս է մեր տունը։ Ւսկ այժմ երևի անկարող էր ընդունել իմ խնդիրը, որ մերժեց։ Երբ քույր-Աննան ասում է մի խոսք, այդ խոսքը