Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրը, որքան էլ առողջ ոտքեր ունենա, այսուամենայնիվ, նա յուր ետևից քարշ չի տալ մանուկին, այլ, ընդհակառակը, կհարմարեցնե յուր քայլերը տղայի դողդոջուն քայլիկներին, մինչև որ այդպիսով նրան կանոնավոր քայլել սովորեցնե:

«Իսկ ինչ վերաբերում է գեղջուկի բնական աշխատասիրության ու պարզասիրության,— շարունակեց կույսը,— ես աշխատում եմ ավելի և ավելի զարգացնել նրա մեջ այդ հատկությունները։ Ես գովում ու խրախուսում եմ աշակերտին կամ աշակերտուհուն, երբ պատահում եմ մինին, դասից ազատ միջոցին անտառից փայտ բերելիս, մյուսին խոտ հարելիս, երրորդին՝ ջրի սափորով վերադառնալիս, չորրորդին՝ այգում քաղհան անելիս և այլն։ Այդ իսկ պատճառով ես սկզբից արդեն սահմանել եմ, որ իմ աշակերտներն ու աշակերտուհիներն իրենց մյուս օրվա դասերը պատրաստեն դպրոցում՝ իմ հսկողության ներքո, որպեսզի տուն վերադառնալուց թե՛ ազատ լինեն դասերի ճնշումից և թե՛ կարողանան ընտանեկան գործում օգնել իրենց ծնողներին։ Այդ տեսակ ազատ պարապմունքը կծառայե նրանց նաև իբրև մարմնամարզություն, որի օգուտը վաղուց ճանաչված է։

«Միևնույն ձևով ես հոգում եմ, որ պարզասիրությունն արյուն ու մարմին դառնա նրանց մեջ,— շարունակում էր միանձնուհին։— Ես անպայման ատեցող եմ ցույց տալիս ինձ հարուստ ու շքեղ հագնվելուն, թեպետ մաքրասիրությունը գովում եմ։ Պատահել է, որ իմ աշակերտներից մինը, հարուստ ծնողների զավակ լինելուն համար, գյուղում գործած շալի փոխարեն մահուդ է հագել, կամ աշակերտուհիներից մինին յուր ծնողները բամբակե շիլայի փոխարեն մետաքսե ղանավուզից շապիկ են հագցրել։ Ես այդպիսիներին, բոլոր աշակերտների ներկայությամբ, քաղցրությամբ հանդիմանել եմ և իսկույն ետ դարձրել տուն, պատվիրելով որ նախկին, կոպիտ շորերը գերադասեն այդ թանկագին հագուստներին, որովհետև ասել եմ, դրանք գյուղացու համար անվայել հագուստներ են։ Բայց, միևնույն ժամանակ, չեմ մոռացել նախատել և այն աշակերտին, որ հերարձակ, ցեխոտ փեշերով, կամ կեղտոտ օձիքով համարձակվել