ու մտերմությունը (խոսքս, իհարկե, լրջամիտ և զգայական կյանքով չապրող կնոջ մասին է), որքան ներքին համոզմունքների և գաղափարների միությունը, ուստի անչափ գոհ եղա, երբ տեսա, որ նա, շատ հարցերի նկատմամբ, համամիտ ու գաղափարակից է ինձ։ Ուրեմն կարելի էր հուսալ, թե շուտով պիտի հասնեմ նպատակիս։ Որովհետև մի անգամ ինձ ճանաչելուց հետո՝ հեշտ կլիներ նրան այնուհետև բացվիլ իմ առաջ։ Այդ իսկ պատճառով այժմ էլ սկսա խոսել այնպիսի հարցերից, որոնք առիթ պիտի տային ինձ ուղղակի ցանկացածս խնդրին դիմելու:
Սակայն այդ միջոցն ևս ապարդյուն անցավ։ Քույր-Աննան, կարծես, գուշակելով իմ դիտավորությունը, հաճախ մի խոսքի, կամ լոկ մի բառի բացատրությամբ այնպես անսպաս շրջում էր խոսքի ձևը, կամ զրույցի ընթացքը փոխում, որ ես մնում էի կանգնած հենց նույն տեղը, որտեղից սկսել էի։ Ես նորից փորձ էի անում, նորից նմանօրինակ նյութի վրա խոսում և այն ժամանակ, երբ մտածում էի, թե ահա հասել եմ նպատակիս, դարձյալ նրա բոլորովին նոր հարցով, կամ դիտավորությամբ ստիպված էի լինում ճանապարհս կորցնել և յուր ետևից գնալ։ Հուսահատությունը տիրում էր ինձ։ Ես նմանում էի ծովամույն եղող մի մարդու, որ ալիքների հետ կռվելով աշխատում է ափին մոտենալ և հենց այն րոպեին, որ ձգում է ձեռը ժայռերից բռնելու, ահա մի կոհակ գալիս, խփում է նրան և հեղձամղձուկ անելով՝ կրկին ծովի խորը նետում. նա նորից փորձ է անում, նորից մոտենում ափին և դարձյալ ալիքներից մղվում դեպի ծովի խորքերը:
Քույր-Աննան այժմ երևում էր ինձ իբրև մի անմատչելի աշտարակ, որի վրա պետք էր նայել հեռվից և նրա արտաքինով միայն զվարճանալ, առանց իրավունք ունենալու ներքինը դիտելու։ Այժմ ես այլևս չէի մեղադրում տեր-Հովսեփին յուր անտարբերության համար, որովհետև տեսա, որ նա այդ կետում հանցանք չուներ։ Կյանքումս առաջին անգամ էի պատահում մի կնոջ այդքան գերազանց ուժով:
Առանց մի բավարար եզրակացության գալու մեր բոլոր խոսակցությունից՝ վերադարձա տուն, գրեթե հուսահատ։