Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուք պետք է գաք մեզ մոտ։ Եվ ես սպասում եմ ձեզ իրավունքով, որովհետև միայն մի երկու ամիս եք այստեղ, իսկ ձեր հեռանալուց հետո, գուցե երկար ժամանակ ձեզ նման հյուր այլևս չունենանք։

Ես ներողություն խնդրեցի քույր-Աննայից, հայտնելով, որ երեք օր իրեն չայցելելուս պատճառը որսրրդական զբոսանքներս էին, որոնց, իսկապես, ձեռնարկեցի նրա համար,— ավելացրի ես,— որ չէի ցանկանում իմ հաճախակի այցելություններով յուր պարապմունքը խանգարել։

— Օ՜, դրա համար մի՛ մտածեք, գյուղում այնքան էլ թանկ չէ ժամանակը,— նկատեց քույր-Աննան ժպտալով,— բայց թանկագին և հազվագյուտ են մարդիկ, որոնց կարելի լիներ լսել։ Մի՞թե կարծում եք թե՝ հեշտ բան է ստիպված լինել միշտ խոսել, միշտ լսողներ ունենար բայց անկարող լինել երբևիցե լսել մի ուրիշին, կարծիքներ իմանալ, մտքեր փոխանակել…

Քույր-Աննան այնպիսի մի մտերմական եղանակով արտասանեց այս խոսքերը, որ ես զգացվեցա։

«Արդարև, ապրել շարունակ գյուղում, տեսնել շուրջդ միայն գյուղացին և նրա միօրինակ կյանքը, չստանալ նրանից ոչինչ նոր, ոչինչ թարմացնող և ստիպված լինել սպառել նրա համար ինչ որ ունիս պաշարած, սա դժվար կացություն է։ Պետք է մարդ այս դեպքում հոգու գերազանց ուժ և կորով ունենա ձանձրույթից բոլորովին չխեղդվելու համար…»։

Այս մտածմունքը րոպեապես անցավ իմ գլխով և ես, չգիտեմ ինչպես, համարձակություն առի՝ այնքան շատ ինձ մտատանջություն պատճառող հարցի մասին ուղղակի խոսել:

— Հասկանում եմ ձեր ասածը և զգում ձեր դրության բոլոր ծանրությունը,— պատասխանեցի ես,— բայց չեմ հասկանում մի բան, որ ինձ շատ է մտածել տալիս։

— Ի՞նչ,— հարցրեց քույր-Աննան հետաքրքրությամբ։

— Այն թե՝ նախախնամության ո՞րպիսի տնօրինությամբն եք գտնվում դուք այս լեռների մեջ։ Քույր-Աննան լուրջ կերպարանք առավ, նա, անշուշտ, չէր սպասում այս հարցին և, կարծես, պատրաստվում էր