Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգտավետ լինել այն հասարակությանը, որին ձեր հարազատն եք անվանում։ Մի՛ նվիրեք ձեր սիրտը վաղանցուկ հրապույրներին և ոչ էլ շլացեք փայլուն երևույթներով: Դրանք ասուպներ են, որոնք մի վայրկյան վառվելով երկնակամարի վրա, ապա հանգչում, անհետանում են մթության մեջ։ Հետևելով դրանց, դուք կմոլորվեք և իզուր կվատնեք ձեր թանկագին հարստությունը, այն է՝ երիտասարդական հասակի աննման եռանդն ու կորովը և այդպիսով ձեր ժառանգները կմատնեք բարոյական աղքատության։ Մի օր ետ կնայեք և կտեսնեք, թե որքա՛ն դատարկ, որքա՛ն ապարդյուն է անցել ձեր կյանքը, բայց այն ժամանակ արդեն ուշ կլինի։ Փափուկ և անդորր ապրողից ավելի երջանիկ է ա՛յն մարդը, որ կյանքը նվիրում է իր նմաններին օգնելուն, մանավանդ բարոյական ձեռնտվությամբ: Սովորեցե՛ք ապրել այդ կյանքով, սովորեցրեք նույնը և նրանց, որոնց առաջնորդ պիտի լինեք։ Այդպիսով դուք ապագա սերունդը կբախտավորացնեք և մարդիկ կօրհնեն ձեզ։

Այս և սրա նման շատ բաներ էր խոսում երիտասարդը: Նա կարծես հետևում էր հին առաքյալներին, նպատակ ունենալով «քարոզել և ուսուցանել» ուր և լիներ, դպրոցո՛ւմ, թե՞ եկեղեցում, ընտանիքներո՛ւմ, թե՞ հրապարակում։ Նա միշտ զգացված, միշտ ոգևորված էր։ Նրա խոսքերն աղբյուրանում էին ոչ իբրև հասարակ զրույց, այլ իբրև հրահալելիք, որ կրակված ծորում ու թափանցում է կաղապարի ամենաթաքուն խորշերը…

Եվ որքա՜ն հիացմունքով, որպիսի՜ հափշտակությամբ էինք լսում մենք նրա քարոզները։

Մի շաբաթ անցավ այն օրից և այդ բոլոր ժամանակ ես մտածում էի երիտասարդ վարժապետի վրա։ Նրա բոլոր խոսածները կենդանի էին դեռ իմ լսողության մեջ. ես շարունակ որոճում, քննում էի նրանց, կամ աշխատում բացատրել ինչ որ ինձ համար մութ ու անհասկանալի էր մնացել։ Ես նկատում էի, որ իմ մեջ սկսվում է մի ինչ որ հեղափոխություն, մի ուժգին ձգտումն՝ լինելու այն, ինչ որ երիտասարդ ուսուցիչն էր կամենում։ Նա շատ լավ տպավորություն էր