Առաջին անգամ, երբ նրա ողջույնը լսեցի, սիրտս մի հանկարծական ոստյուն արավ, որին հաջորդեց անհանգիստ և երկարատև բաբախում։ Այդ ժամանակ աչքս ընկավ հանդիպակաց հայելուն և ես տեսա, թե ինչպե՜ս շառագունել եմ։ Իմ այսօրինակ հուզմունքից սաստիկ ամաչեցի։
Դաս ասելու ժամանակ ես դարձյալ այլայլված էի, մտքերս չէի կարողանում անփոփել, սովորածս մոռացել էի։ Տեսնելով, որ այլայլությունս գնալով ավելանում է, «ներեցեք ինձ, խնդրեմ,— ասացի ուսուցչիս,— այսօր դաս ասել չեմ կարող, սաստիկ հուզված եմ»։ Այդ ասելով սկսա գրքերս ժողովել։
Իմ այս տարօրինակ վարմունքը զարմացրեց Գարեգնին։ Մի քանի րոպե նա լուռ սևեռեց հայացքն իմ աչքերին և ապա հարցրեց.
— Ի՞նչ է պատահել ձեզ, օրիորդ, միայն այսօր չէ, որ հուզված եք դուք, վաղուց է, ինչ ես նշմարում եմ ձեր մեջ մի տարօրինակ փոփոխություն… ո՛չ դեպի լավը։ Դուք չունիք այլևս սովորելու այն աշխույժը, որ գոհություն էր պատճառում ինձ. ձեր ընդունակությունը, կարծես, կիսով չափ կորցրել եք։ Արդյոք որևէ տկարություն ունի՞ք։
Ես աչքերս գետնին հառած չէի պատասխանում, բայց սիրտս անհանգիստ տրոփում էր։
— Խնդրում եմ ասացեք, ունի՞ք որևէ հիվանդություն,— հարցրեց նա նորեն։
— Ոչ,— պատասխանեցի ես կիսաձայն։
— Ուրեմն առողջ եք։
— Դժբախտաբար ոչ…
Գարեգինը ծիծաղեց…
— Այդ ի՞նչ է նշանակում, հիվանդություն չունիք և, միևնույն ժամանակ, առողջ չեք։
— Այդ նշանակում է թե… — Ես չկարողացա շարունակել։
— Ի՞նչ է նշանակում, խոսեցեք, ինչո՞ւ եք լռում։
— Այդ նշանակում է թե՝ իմ հիվանդությունը այն տեսակներիցն է, որ աչքի զարնել չի կարող։
— Այսուամենայնիվ, հայտնեցեք մեզ էությունը, ցույց