Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեք նրա տեղը, գուցե կարողանանք տեսնել և բժշկել,— նկատեց նա ժպտալով։

— Օ՜, նա շատ խորն է… այնտեղ, ուր մարդկային աչքը թափանցել չէ կարող,— ասացի ես ջերմությամբ և հետզհետե սիրտ առնելով։

— Ձեր խոսքերը չեմ հասկանում,— նկատեց ուսուցիչս:

— Ուրեմն ավելի պարզ ասեմ, իմ հիվանդությունը գտնվում է իմ սրտի, իմ հոգու մեջ։

Գարեգինը մի անհանգիստ շարժում արավ և լռեց։

— Դուք հարցնելու այլևս բան չունի՞ք,— նկատեցի ես, աչքերս գետնին հառած։

— Էլ ուրիշ ի՞նչ հարցնեմ, ասում եք ձեր հոգին է հիվանդ, իսկ դրա համար բժիշկ չկա, դուք ինքներդ պիտի բժշկեք ձեզ։

— Բայց քանի որ չեմ կարողանում…

— Դիմե՞լ եք դուք ձեր ծնողներին։

— Ոչ:

— Ուրեմն հանձնեցեք ձեզ նրանց խնամքին և վստահ եղեք նրանց բարության և դեպի ձեզ ունեցած սիրույն վրա։ Նրանք կարող են ձեզ օգնել և, եթե հնար է, նաև բժշկել:

— Բայց եթե ես դիմեի ուղղակի նրան, ով այս հիվանդությունը պատճառել է ինձ, մի՞թե նա չէր կարող բժշկել,— հարցրի ես ջերմությամբ և գողացող ձայնով։

Ուսուցիչս թափանցել էր արդեն իմ սրտի խորքը։

— Օրիորդ, ես ակամա ինձ չվերաբերյալ խոսակցության մեջ մտա,— նկատեց նա,— եթե ձեր ծնողներն այստեղ լինեին, ես հարկ եղածը նրանց հետ կխոսեի և գուցե կարողանայի իմ տված խորհուրդներով օգնել նրանց ձեզ ապաքինելու։ Բայց քանի որ նրանք բացակա են, թույլ տվեք, որ այս հարցի մասին ուրիշ անգամ խոսվի…

Ես կամենում էի լռել, բայց մի ներքին ձայն դրդեց ինձ խոսել։

— Այսուամենայնիվ, դուք հենց այժմ կարող եք ինձ ասել թե՝ իմ հոգուն այս հիվանդությունը պատճառող մարդուն եթե դիմեի, կարո՞ղ էր նա ինձ բժշկել,— հարցրի կրկին, աչքերս միշտ խոնարհած: