եմ և պատրաստ այս րոպեին իսկ թռչելու դեպի այդ կորած անկյունները։ Ուխտում եմ ձեր առաջ և երդվում եմ ձեր սիրով, որ ես «միանձնուհու» կոչումը կառնեմ վրաս և կնվիրեմ ինձ այդ սրբազան գործին: Այժմ ես ձեր քույրն եմ, համբուրեցեք ինձ ջերմ, եղբայրական սիրով, և այդ համբույրը թող օրհնե իմ ճանապարհը:
Գարեգինը ոտքի ելավ, քնքշությամբ գրկեց ինձ և հուշիկ յուր կրծքին սեղմելով՝ դրոշմեց իմ ճակատին մի ջերմ և անուշ համբույր, գլորելով երեսիս արտասուքի կաթիլներ:
— Գնա՛, սիրեցյալ քույրիկ, ես օրհնում եմ քեզ. օրհնում եմ քո ճանապարհը, գնա՛, թող աստված լինի քեզ հետ…— ասաց նա գրեթե արտասուքից խեղդվող ձայնով։
Ես հեկեկացի և նրա գիրկն ընկա. մի քանի րոպե մենք այս դրության մեջ արտասվեցինք, ապա ջերմագին համբուրվելով՝ բաժանվեցինք միմյանցից հավիտյան…
Վերջին խոսքերը արտասանելիս՝ քույր Աննայի շրթունքները ջղաձգաբար դողացին, նա հառաչեց, և գեղանի աչքերում արցունքներ փայլեցին… Քսան երկար տարիները դեռ չէին մարել, ուրեմն, սիրո սրբազան կրակը, նա դեռ մխում, առկայծում էր…
Բայց ես, որպեսզի քույր-Աննայի թախիծը փարատվեր, խնդրեցի նրան յուր զրույցը շարունակել։
— Գարեգնի հեռանալուց հետո,— խոսել սկսավ նա,— ես, գրեթե, շարունակ զբաղված էի այն մտածությամբ թե՝ ի՞նչպես պիտի իրագործեմ ա՛յն նշանավոր միտքը, որ նա ներշնչեց ինձ՝ «լինել գործող միանձնուհի»։ Այդ բանի վրա մտածելն իսկ մոռացնել էր տալիս ինձ Գարեգնից հեռու և բաժանված լինելս, մանավանդ, երբ հիշում էի թե՝ այդ նրա ստեղծած միտքն է, նրա սիրած ու գուրգուրած գաղափարը՝ մոռանալ ամեն ինչ և նվիրվել հասարակաց բարվույն։ Հետևապես, եթե ես կարողանայի իրագործել այդ միտքը այն ճանապարհով, որը նա գծեց ինձ համար, ես ամենաբախտավոր կինը կլինեի աշխարհում։
Ծնողներս, իհարկե, զարմանում էին՝ տեսնելով, որ Գարեգնի հեռանալուց հետո, հակառակ իրենց սպասածին,