ինձ ամուսնանալ Մաշտոցյանի հետ և ես բացե ի բաց մերժել եմ նրա առաջարկությունը։
— Տեսա՞ք, որ իմ գուշակությունը սխալ չէր, ես ասացի, որ մորեղբայրդ այդ դիտավորությամբ է ծանոթացրել ձեզ Մաշտոցյանի հետ, իսկ դուք չէիք կամենում հավատալ։
— Իրավունք ունիք, ես սխալվում էի,— պատասխանեց օրիորդը, և տեսնելով, որ արդեն բացվել է ուսուցչի առաջ, կամեցավ օգուտ քաղել այդ դեպքից։— Այժմ դուք ասացեք ինձ, ո՞վ է այն հարուստ իշխանը, որ պատրաստված է եղեր այս օրերս իմ ձեռքը խնդրելու, — հարցրեց նա ուսուցչին։
— Այն իշխա՞նը… ներեցեք. նրա անունը տալ չեմ կարող,— ժպտալով պատասխանեց վերջինս։
— Խնդրում եմ, աղաչում եմ, մի՛ մերժեք ինձ այդ…— թախանձեց օրիորդը,— գոնե ասացեք ինձ միայն նրա անունը։
— Նրա անո՞ւնը…
— Այո՛, միայն անունը։
— Իշխան Պլատոն Ջոմարջիձե, ձեր ամենախոնարհ ծառան։
Օրիորդը շառագունեց և աչքերը խոնարհեց դեպի գետինը։
— Երևի դուք այս պատասխանին չէիք սպասում, այնպես չէ՞,— հարցրեց ուսուցիչ իշխանը։
— Ես չէի կարծում… թե դուք այսպես կամաչեցնեիք ինձ… ես ձեր մասին երբեք չեմ մտածել… -կակազեց օրիորդը, բայց մի խորհրդավոր հայացք, որ նա գաղտագողի ձգեց յուր ուսուցչի վերա, արդեն մատնեց այն ներքին գոհունակությունը, որ նա զգում էր այս հայտնության վերաբերությամբ։
— Երբե՞ք, ի՞նչ եք ասում, Ամալիա, մի՞թե թույլ կտաք ինձ հավատալ, որ դուք երբեք իմ մասին չեք մտածել։
— Այսինքն ես կամենում եմ ասել, թե երբեք չեմ մտածել, որ դուք այդպիսի առաջարկություն կանեիք ինձ։ Ես արդարև հարգում եմ ձեզ, իբրև իմ ուսուցչին, բայց… վերջապես ես չեմ կարող բոլորը ասել…