էլ ողջունեցի ինչպես իմ սիրելի բարեկամներին, հետո սկսանք խոսել քույր-Աննայի մահվան վրա։ Խնդրեցի տեր-հորը պատմել, թե ինչ հիվանդությամբ արդյոք մեռավ խեղճ կինը և մի՞թե չէին կարող բժշկական օգնություն հասցնել։
— Երևի աստծուց այդպես էր վիճակված, որդի,— սկսավ խոսել տեր-հայրը.— նրա հիվանդության պատճառը ոչ ոք չիմացավ։ Դեռ անցյալ տարի այս ժամանակ ինչպես նա առողջ էր, ուրախ, զվարթ և հանկարծ օգոստոսի վերջերում փոխվեցավ։ Երկու ամիս շարունակ անկողնին ծառայեց։ Շատ անգամ կամեցա գնալ քաղաք բժիշկ հրավիրելու, բայց ամեն անգամ էլ նա արգելեց։— Ինչո՞ւ համար ես բերում բժիշկը, տեր-հայր,— ասում էր նա ինձ.— կյանքն արդեն ինձ համար դարձել է ծանր բեռ, ո՛վ որ այն վերցնե, շնորհապարտ կլինեմ նրան… Ինչո՞ւ համար էր այդպես ասում, չէի կարողանում հասկանալ, որովհետև այդպիսի հուսահատական խոսքեր ես նրանից առաջները բնավ չէի լսել։ Եվ սակայն պատճառը չէի համարձակվում հարցնել։ Այդպես նա հալվեց, մաշվեց և ճրագի պես հանգավ։
Պետրոս վարժապետն ուրիշ մանրամասնություններ հաղորդեց։
— Անցյալ օգոստոսի 30-ին, ուրբաթ օր, ես լավ հիշում եմ,— ասաց նա,— երեկոյան դեմ քույր-Աննան, Մանիշակը և ես նստած էինք ուսումնարանի բակում և խոսում էինք։ Վանքի ծառան բերավ լրագիրները։ Քույր-Աննան առավ և սկսավ թերթել։ Դրանցից մինի հեռագիրները կարդալիս նա հանկարծ բացականչեց. «օ՜հ, ամեն բան կորավ…» և ձեռքը դեպի ճակատը տանելով՝ բռնեց գլուխը և այդպես, գրեթե քառորդ ժամ, մնաց անշարժ, ընդարմացած։
— Ի՞նչ է պատահել, քույրիկ, ինչո՞ւ տխրեցիր,— հարցրեց Մանիշակը։
— Ինչ որ պատահել է, սիրելիս, նրա ցավը դու շատ ուշ պիտի զգաս,— ասաց նա մեղմով և լռեց։ Մենք ուրիշ հարցեր չարինք, վասնզի տեսանք, որ նա չէ ուզում խոսել։