պիտի խոսի ինձ հետ… նրա ձեռքով գրած երկու բառերր այդպիսի մի հավատ ներշնչեցին ինձ առ վայրկյան։ Միևնույն ժամանակ, ես դանդաղում էի բանալ ծրարը։ Ինձ այնպես էր թվում թե՝ այդ չպիտի անեմ միայնակ, առանց քահանայի, կամ քույր-Աննայի ձեռնասունների ներկայության։ Ի՞նչ կար արդյոք ծրարում, կտա՞կ էր դա, թե՞ մասնավոր հաղորդագրություն, չգիտեի և ոչ էլ կարող էի գուշակել. բայց գիտեի այն, որ այդ առաքինի կնոջ գործերը, նրա սիրտն ու հոգին մի մարդու չեն պատկանել, այլ ժողովրդին, ուրեմն և նորա թողած ավանդը հայտնի պիտի լինի շատերին։ Այս մտքերն ինձ զբաղեցրին մի քանի վայրկյան։ Բայց հետո հիշեցի որ Մանիշակը ծրարը հանձնեց ինձ առանձին և որոշակի ասաց. «Քույր-Աննան պատվիրեց հանձնել ձեզ այս ծրարը, եթե երբևիցե գալու լինեիք մեր գյուղն յուր գերեզմանին այցելելու». ուրեմն միայն ինձ էր տրված այդ շնորհը և ես իրավունք չունեի մասնակից անել նրան ուրիշներին։ Այս մտածությամբ բացի ծրարը, որ պարունակում էր յուր մեջ ծայրեիծայր դրված մի քանի թերթիկներ, հետևյալ բովանդակությամբ.
«Ազնիվ բարեկամ.
«Երկու շաբաթ առաջ ծանր հիվանդացա թոքերի բորբոքումով։ Չգիտեմ ինչպե՞ս և ինչո՞ւ անցավ այն։ Ինքս իսկապես չէի ուզում ապաքինվիլ… այժմ փոքր ինչ կազդուրված եմ, թեպետ տակավին չեմ ելած անկողնից։ Կարող է պատահել, որ երբեք էլ չելնեմ: Այդպիսի մի նախազգացում պաշարած է այժմ ինձ։ Այդ իսկ պատճառով կամենում եմ օգտվել իմ կյանքի մնացորդից և գրել ձեզ մի քանի բան։ Ձեզ իմ անցյալի պատմությանը ծանոթացնելուց հետո, ավելորդ չէ հաղորդել և պատմությունն իմ վերջին օրերի, որոնք թվում է, թե չի պիտի երկարեն… Ի՞նչ էի ես ամիսներ առաջ և ի՞նչ եմ այժմ, այդ պարզ տեսնում եմ. ուրեմն իրավունք ունիմ սպասելու վախճանիս… Կար ժամանակ, երբ չէի մտածում դրա համար. մեռնելու հարցով չէր զբաղվում