Այս զգացմունքը, նույնիսկ, անուն չուներ յուր համար։ Որովհետև նա չէր արտահայտվում հրապարակով, աղմուկ չէր հանում, մտքեր չէր հուզում. նա միայն թաքուն սնունդ էր տալիս կնոջ զգայուն սրտին և ընդունակ դարձնում նրան՝ անվերջ նվիրվելու, հավիտյան զոհվելու… Եվ սակայն, ավա՜ղ, այս բոլոր երազները անցան իբր ստվեր. իմ քաղցր հույսերը մեռան անհարիր՝ մեռցնելով իրենց հետ իմ սիրտն ու հոգին:
«Երեկ կամենում էի խոսել այն մասին թե՝ ինչպես հիվանդ մարմինը հիվանդացնում է հոգին. բայց զգացմունքների հոսանքը տարավ ինձ այլ կողմ, ուստի մտադրյալ նյութից հեռացա։ Այժմ արդեն կխոսեմ այդ հիվանդության համար, որ ինձ պատահեց գրեթե անսպաս, կամ ավելի ճիշտն ասած, ինքնամոռացությունից։— Տխուր նորության իրազեկ լինելուց և մեր կորուստի չափն ըմբռնելուց հետո, արդեն աշխարհը մթնել էր ինձ համար։ Առաջին վայրկյանից իսկ, ինչպես անցյալներն էլ ասացի, զգացի ծանր շունչը մի ճնշող վհատության, որ ապա հետզհետե իմ էությանը տիրեց։ Այդ իսկ պատճառով գործ ու պարապմունք մի կողմը թողած, անձնատուր էի եղել տխուր մտածությունների։ Ոչ միայն գյուղն ու ժողովուրդը, որոնց կարծես մոռացել էի, այլև իմ դպրոցն ու սիրած սաները համարյա այլևս չէին գրավում ինձ։ Ես որ ամեն առավոտ նրանց տեսնելով թարմանում ու զվարթանում էի, այժմ ընդհակառակն, աշխատում էի հեռանալ նրանցից, որպեսզի կարողանամ ազատորեն նվիրվել իմ մենավոր մտածությանց, որոնք որքան էլ ծանր ու հոգեմաշ, այսուամենայնիվ, գրավում էին ինձ ավելի քան որևէ ուրիշ զբաղմունք: Այդ իսկ նպատակով առավոտից արդեն հարկ եղածը կարգադրելով՝ ինքս փակվում էի իմ առանձնարանում կամ դպրոցից հեռանալով՝ անտառի մեջ թափառում, որպեսզի կարողանամ ցնորքների աշխարհում գտնել ա՛յն սփոփանքը, որ զլանում էր տալ ինձ իրական աշխարհը։ Ահա՝ այդպիսի մի օր, երկար թափառելուց հետո, վերադառնում էի տուն։ Հասնելով անտառի եզերքին, կամեցա քիչ հանգստանալ, որովհետև թե՛ հոգնած և թե՛ քրտնած էի։ Երեկոյան դեմ լինելով՝ հովը փչում