այցելություններից, որոնք վերջ ի վերջո արատ պիտի բերեին այդ տան անվանը։
Մի կողմից այս բանավոր պատճառները և մյուս կողմից մայր իշխանուհու Ջոմարջիձեի վերաբերությամբ ունեցած մեծ հավատը համոզեցին նրան ընդունել Ամալիայի առաջարկությունը՝ յուր ուսուցչի հետ միասին Իտալիա ճանապարհորդելու։ Այս նորությունը պարոն Սիմբրյանը լսեց կատարյալ անտարբերությամբ, որովհետև գեղեցիկ Ամալիայի միջոցով շահվելու հույսը նա միանգամ ընդմիշտ կորցրել էր։
Եվ այսպես՝ մի գեղեցիկ օր օրիորդ իշխանուհին յուր երիտասարդ ուսուցչի հետ միասին ճանապարհ ընկավ դեպի մուսաների պատմական աշխարհը — բանաստեղծությամբ հարուստ Իտալիան։
Բшյց Արսեն Մաշտոցյանի փառքը գնալով մեծանում էր և նրա առևտրական հաջողությունները հաջորդում էին միմյանց։ Ագապյանների մերժումը ոչ միայն ազդեցություն չունեցավ աղջկատեր ծնողների վերա, ընդհակառակը, նրանք ուրախացան, որ գեղեցկության մի հզոր հակառակորդ հեռացավ ասպարեզից։ Շուտով ճարպիկ միջնորդները սկսան շրջապատել հարուստ փեսացվին իրենց բազմազան և բազմախոստում առաջարկություններով։
Սակայն Մաշտոցյանր արդեն փորձված էր։ Նա այժմ խոստովանում էր, որ աղջկա գեղեցկությունը, օժիտը և հարստությունը միայն նրա առաքինության մեջ պետք է որոնել, որ գեղեցկությունը և հարստությունը մի-մի չարիքներ են, եթե լծորդված չեն առաքինության հետ։ Այդ պատճառավ նա մերժեց ամեն մի փարթամ առաջարկություն և ընտրեց իրեն հարսնացու այնպիսի մի աղջիկ, որ հարուստ ընտանյաց զավակ լինելով հանդերձ՝ զարդարված էր նաև առաքինական բարեմասնություններով։ Նրա հարսանյաց հանդեսը թեպետ ավելի համեստ, քան յուր հարստության վայել շքով անցավ, բայց նա համեմված էր այնպիսի ուրախությամբ,