որին երբեք չէ հաջորդում զղջումը։ Այսպիսով երիտասարդի նյութական հարստության վերա ավելացավ մի ուրիշ անզուգական հարստություն, որ իսկական հիմնաքար դարձավ նրա տան հարստության համար։
Բայց իշխանուհի Դարիան լսեց այս բոլոր պատմությունը վրդովված հոգվով։ Եվ չնայելով, որ ինքն եղավ առաջինը, որ մերժեց յուր եղբոր առաջարկությունը-Ամալիային Մաշտոցյանի հետ ամուսնացնելու, այսուամենայնիվ նա տխրում էր, որ դեպքերն այդ ընթացքն առին։ Դժբախտաբար մի բարեկամ էլ չկար, որ սփոփեր նրան ապագայի վարդագույն խոստումներով։ Երբեմն֊երբեմն նա քաջալերում էր ինքն իրեն, մտածելով, որ շուտով Ամալիան կվերադառնա, որ նա նրան կամուսնացնե, որ նրանով կուրախանա, բայց երբեմն էլ չարագուշակ մտածմունքները տանջում, կեղեքում էին նրա սիրտը և հոգին. «Գուցե իմ Ամալիան էլ չվերադառնա, գուցե նոր բախտի հանդիպելով մոռանա, կամ գուցե…»։ Եվ նա այլևս չէր կարողանում շարունակել յուր սարսափելի գուշակությունը։
Բայց Ամալիան յուր ուսուցչի առաջարկությամբ հասնելով Իտալիա՝ կանգ առավ հռչակավոր Նեապոլում, ուր գտնվում էր հայտնի երաժշտական դպրոցը։ Այնուհետև հաճախո՞ւմ էր նա այնտեղ, թե՞ ոչ, ուսանո՞ւմ էր մի բան, թե՞ զվարճանում էր անգործությամբ, ճիշտը հայտնի չէր ոչ միայն նրա մորը, այլև նրա կովկասցի բարեկամուհիներից և ոչ մինին։ Միայն ստեպ֊ստեպ ստացվում էին նրա նամակները, որոնց մեջ նա հուսալիր խոստումներ էր գրում յուր հռչակավոր ապագայի մասին, գեղեցիկ գույներով դրվատում էր յուր աշխատասիրությունը, հառաջադիմությունը, դպրոցի վարչության յուր վերա ունեցած սերն ու համակրանքը, և այլն, և այլն։ Պատահում էր, որ երբեմն էլ նա հիշողություններ էր անում յուր նախկին ուսուցիչ և բարերար Ջոմարջիձեի մասին, երախտագետ սրտով գովելով նրա խնամատարությունը:— «Իշխան Պլատոնը,— գրում էր նա յուր մորը,— թեպետ վաղուց գտնվում է Հռոմում, բայց երբեմն այցելում է Նեապոլ, խրախուսում է ինձ յուր խորհուրդներով և բարեխոսում Կոնսերվատվարի վարչությանը՝ հոգածու աչք ունենալ