Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ վերա։ Ցավալի է միայն, որ իշխանի պաշտոնը չի ներում նրան ավելի շուտ-շուտ ինձ այցելելու, կամ յուր տեսակցությունը գեթ մի օրով երկարելու, որովհետև առավոտյան գնացքով նա գալիս է Նեապոլ և կեսավուր գնացքով վերադառնում: Բայց նա այնքան բարի և այնքան ազնիվ է, որ ես կկամենայի ամսվա մեջ գոնե մի օր նրա ընկերակցությամբ անցուցանել»։

Եվ մի՞թե այս էր ճշմարտությունը։ Իհարկե ոչ։ Իշխան Պլատոնը Իտալիա մտնելու օրից սկսած անբաժան էր մնում օրիորդ Ամալիայի հետ Նեապոլում: Վերջինս մի քանի անգամ միայն այցելեց Կոնսերվատվարը և այն լոկ զվարճության, կամ նրա ներքին կյանքին մասամբ ծանոթանալու համար։ (Որովհետև նա յուր նամակների մեջ երբեմնապես զանազան հիշողություններ էր անում այդ հաստատության մասին, հետևապես նրան հարկավոր էր գեթ մի հարևանցի ծանոթություն նրա հետ)։ Իսկ մնացյալ ժամանակը անցուցանում էր իշխան Պլատոնի հետ զանազան զվարճություններով, որովհետև վաղուց արդեն նրանք անձնատուր էին եղած սիրահարության արբեցության… Երբ Նեապոլի մեջ կյանքը ձանձրալի դարձավ, երկու սիրահարները սկսան ճանապարհորդել դեպի Իտալիայի ուրիշ հետաքրքիր կողմերը:

Սիրահարներն առհասարակ զգուշավոր են լինում իրենց ծնողների և բարեկամների շրջանում. անծանոթ քաղաքներում ընդհակառակը` զգուշությունը ավելորդ բեռն է համարվում նրանց համար, բայց դա մի սխալմունք է` դարձյալ անփորձության հատուկ։ Զգուշությունը հարկավոր է ամեն տեղ, ուր որ բաց երկինք կա։ Հակառակ կարծիք ունեցողը անպայման կպատժվի։

Այդպես էլ պատահեց մեր սիրահար զույգին։ Դեռ մինչև այժմ էլ գաղտնիք է մնացել, թե ո՞վ էր այն անձը, որ իտալական մի քաղաքից գրել էր իշխանուհի Դարիային նրա դուստր Ամալիայի` իշխան Պլատոնի հետ ունեցած սիրակցությանց մանրամասն պատմությունը, սկսած ա՛յն օրից, որ նրանք այնտեղից փոխադրվեցան Հռոմ և ապա Վենետիկ` Ադրիատական ծովափանց գեղեցկություններով զվարճանալու համար։