Էջ:Muratsan, vol. 2.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գոյության տեր կանայք, առավոտյան լոդիկներով և կամ բաց կուրծքերով, իմանալու համար, թե ի՞նչ արարածներ են արդյոք, այդպես առավոտանց իրենց բնակավայրը այցելողները։

Ամալիան առաջին անգամ տեսնելով նրանց լկտի կերպարանքը, զզվում ու դարձնում էր երեսը. բայց հակառակ կողմում ավելի պարկեշտ պատկերի չէր հանդիպում։ Մի տեղ կիսափակ դռներով գինետան մեջ դեռ գոռում-գոչում էին արբեցող շրջմոլիկները, մյուս տեղ մութ ու խոնավ նկուղում բարձրաձայն հայհոյում էին միմյանց թուղթ խաղացող սրիկաները, իսկ մի խոր ընկած բակում անհայտ կոչման տեր կանայք իրար անիծելով ու հայհոյելով միմյանց երես էին ծվատում։

Այս զազիր պատկերները քստմնեցնող տպավորություն արին երիտասարդ իշխանուհու վերա, և նա երեսը ծածկեց նրանց չտեսնելու համար:

Վերջապես մեր ճանապարհորդները անցան դարձյալ մի նեղ փողոց և կառքը կանգնեց Բաբոյին ծանոթ փոքրիկ տան առաջ։

— Ներս մտի՛ր Բաբո, և տե՛ս իշխանը տա՞նն է, թե ոչ,— ձայն տվավ Ամալիան և ծառան իսկույն ներքև ցատկեց։

Նա մտնելով իրեն ծանոթ դռնով, պատահեց մի կնոջ, որ ըստ երևույթին տան տիկինն էր և մի ինչ որ բանով զբաղված էր նախասենյակում։

— Տա՞նն է իշխանը,— հարցրեց նա տիկնոջը։

— Տանն է, ի՞նչ ունիս դու նրա հետ։

— Մեր իշխանուհին կամենում է նրա հետ տեսնվիլ:

— Ձեր իշխանուհի՞ն, ո՞վ է նա և ինչու՞ այդպես վաղ,— զարմացմամբ հարցրեց տիկինը. բայց Բաբոն ավելորդ համարեց նրան պատասխանել, այլ իսկույն դուրս եկավ և հայտնեց յուր տիրուհուն, որ իշխանը տանն է։ 

Ամալիան իջավ կառքից և ներս մտավ։ Նա պատրաստվել էր միմիայն մի դաժան հայացքով խորտակել յուր ազնիվ սիրահարին, ա՛յն մարդուն, որ իրեն ստիպել էր մինչև այս ստորաքարշ արարածների բնակավայրը գալու… Բայց