պատահելով նախասենյակում հիշյալ կնոջը, նա շփոթված կանգ առավ նրա առաջ։
Տիկինը տեսնելով գեղանի իշխանուհուն, խորին ակնածությամբ ողջունեց նրան և քաղաքավարությամբ հրավիրեց յուր հյուրասենյակը։
— Ո՛չ, ես միայն իշխան Պլատոնին եմ ցանկանում տեսնել, ո՞ւր է նա,— հարցրեց Ամալիան։
— Նա հագնվում է, բարեհաճեցեք մի քանի րոպե հանգստանալ մեզ մոտ, եթե դուք կամենում եք անպատճառ տեսնվիլ նրա հետ։
Ամալիան անխոս հետևեց տան տիկնոջը։ Երբ նրանք միայնակ մնացին, Ամալիան հարցրեց։
— Իշխանը ձեզ մոտ վարձո՞վ է մնում։
— Մենք միասին ենք ապրում, —պատասխանեց տիկինը։
— Միասի՞ն,— զարմացմամբ հարցրեց Ամալիան։
— Այո՛, միասին։
— Դուք ուրեմն նրա ազգականուհի՞ն եք։
— Ո՛չ, ես նրա կինն եմ։
— Նրա կի՞նը, անկարելի է, նա ամուսնացած չէ։
— Այդ միևնույն է, ես նրա սիրուհին եմ։
Ամալիան մնաց քարացած։ Նա ամեն բան մտածել էր Պլատոնի համար, բայց նրա այդ աստիճան հրեշ լինելու վերա չէր մտածել։
— Շա՞տ ժամանակ է, տիկին, որ դուք ճանաչում եք միմյանց,— հարցրեց կրկին Ամալիան։
— Երեք տարի է։
— Եվ այդ բոլոր ժամանակ դուք միասի՞ն էիք ապրում։
— Երկու տարի մենք միասին ապրեցինք, տիկին, այնուհետև նա հեռացավ այստեղից. մի տարի բացակայությունից հետո, ահա՛ մի քանի օր է, ինչ որ կրկին վերադարձել է։
— Ո՞րտեղ էր գտնվում նա այս մի տարին։
— Չգիտեմ, արտասահմանում։
— Ի՞նչ էր շինում նա այնտեղ, գիտե՞ք արդյոք։
— Գրեթե ո՛չ, տիկին, ինքն ասում է, որ յուր սեփական