գործերի համար է գնացել, իսկ ուրիշները պատմում էին, որ նա մի անառակ աղջկա ետևից ընկած թափառելիս է եղել զանազան երկրներ…
Ամալիան ամբողջ մարմնով դողաց, աոաջին անգամ նա յուր ականջով լսեց յուր դատապարտությունը` հասարակաց կնոջ բերանից…
Էլ ի՞նչ հարկավոր էր այնուհետև ապագայի մասին գուշակություններ անել, անկումն արդեն մոտենում էր։
Բայց շուտով Պլատոնի ձայնը լսվեցավ նախասենյակում, որ կանչում էր յուր մետրեսին։
—Տիկի՛ն, կանչեցեք իշխանին այստեղ և մեզ մի քանի րոպե մենակ թողեցեք, աղաչում եմ,— խնդրեց Ամալիան տան տիկնոջը և վերջինս հնազանդվելով դուրս գնաց։
Իշխան Ջոմարջիձեն զարմացավ լսելով հանկարծ, որ մի իշխանուհի եկել է իրեն տեսնելու։ Նա չէր կամենում հավատալ, թե այս անհայտ անկյունում Ամալիան կարող է նրան գտնել։ Այնուամենայնիվ նա մի րոպե կանգ առավ նախասենյակում. նախազգացմունքը պաշարեց նրան. նա չէր համարձակվում դեպի հյուրասենյակը առաջանալու։ Եվ արդարեն ի՞նչ երեսով կարող էր նա մտնել այնտեղ, եթե իրեն այդ սենյակում սպասողը Ամալիան ինքն էր. ա՜յն աղջիկը, որ հոգվով ու մարմնով նվիրվել էր իրեն, բայց որին ինքը տրմարդությամբ թողել հեռացել էր… Երիտասարդ իշխանը որքան էլ սրտոտ արկածախնդիր էր, այսուամենայնիվ յուր այս սիրուհու այցելությունը նրան ճնշում էր. նա գիտեր, որ Ամալիան իրենից բացատրություն պիտի պահանջե, իսկ ինքը բացատրություններ տալու ճանապարհ չուներ։
Բայց երկչոտությունը շատ անգամ հանդգնություն է ծնեցնում. «Թող սա էլ մյուսների շարքն անցնե, երբ պարտապանը փող չի ունենում յուր պարտատերերին վճարելու, նա չէ մեռնում, այլ սնանկանում է. թող ուրեմն ես էլ բարոյապես սնանկ ճանաչվիմ»,— վճռեց ազնվատոհմ իշխանը և պատրաստվեցավ հյուրասենյակը մտնելու։
Ամալիան կանգնած էր դռան հանդեպ, սրտմտությամբ լի, անողոք դեմքով և բարկացայտ աչքերով, րոպե առ րոպե նա սպասում էր տեսնել, թե ի՞նչ երեսով կհամարձակվեր