ինձանից մի փոքր ավելի եք զոհել, բայց ի՞նչ արած, կյանքը որի համար մարդիկ այնքան շատ կռվում են, ուրիշ ոչինչ չէ, բայց եթե իմ և ձեր վիճակը։ Եթե ես ձեզ խաբել եմ, ես մեղավոր չեմ. դուք գեղեցիկ էիք ինչպես մի աստվածուհի և ես ձեզ սիրեցի ինչպես հողեղեն մարդ. բայց իհարկե, սիրելը բավական չէր. պետք էր և ձեզ ժառանգել, իսկ դրա համար ես չունեի հարկավոր ուժը, որին հարստություն են անվանում. ուրեմն պետք էր խորամանկություն գործ դնել։ Իմ ձեզ հետ ունեցած շատ խոսակցությունների ժամանակ ես ուսումնասիրեցի ձեր բնավորությունը, դուք մեծ նշանակություն էիք տալիս ազնվատոհմությանը և հարստությանը. ես ազնվատոհմ էի, բայց հարուստ չէի. պետք էր ուրեմն, հավատացնել ձեզ, որ հարուստ էլ եմ։ Եթե ես ճշմարտությամբ ներկայացնեի ձեզ իմ արդի դրությունը, հարկավ դուք իմ երեսին չէիք նայիլ. բայց ես խաբեցի ձեզ և դուք կապվեցաք ինձ հետ։ Հետևապես, որքան ես հանցավոր եմ ձեզ խաբելու մեջ, նույնչափ էլ հանցավոր եք դուք խաբվելու մեջ, այսպիսով հավասարվում են մեր հաշիվները։
— Իսկ ձեր պատի՞ժը, դավաճան, պատիժը ձեր չարագործության համար,— զայրույթից դողացող ձայնով բացականչեց Ամալիան։
— Պատի՞ժը, այդ հայտնի է, օրիորդ, դուք օրենքով կստիպեք ինձ ամուսնանալ ձեզ հետ, իսկ այդ դեպքում դարձյալ պատժվողը դուք կլինեք, որովհետև ես մի հրեշտակի հետ կընկերանամ, իսկ դուք՝ մի սատանայի,— սառնասրտությամբ պատասխանեց Պլատոնը։
— Օ՜հ, թշվառական, գոնե թողեք իմ սրտում մի անկյուն առանց սրբապղծելու, թողեցեք, որ ես հավատամ, թե դուք գոնե մի վայրկյան կարող եք հրեշ չլինել…
— Այդ անօգուտ կլիներ նույնիսկ ձեզ համար, օրիորդ, ավելի լավ է մոլության մեջ կատարյալ լինել, քան թե առաքինության մեջ պակասավոր. ամեն բանից մի քիչ ունենալ կնշանակե ոչինչ չունենալ. այդքան չարաչար խաբվելուց ետ ինչու՞ համար եք ցանկանում նորից խաբվել…
— Գարշելի՛ արարած, դժոխքն անգամ անկարող է հաղթահարել քեզ… — սրտմտությամբ բացականչեց Ամալիան և