Էջ:Muratsan, vol. 2.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զայրույթից գրեթե խելագարված դուրս գնաց յուր փեսացուի բնակարանից։

Բաբոն չափից դուրս անհանգստացավ յուր տիրուհուն վրդովված դրության մեջ տեսնելով. նա օգնեց նրան կառքը բարձրանալու, բայց չկարողացավ հարցնել նրա այլայլության պատճառը, այլ բավականացավ միայն հրամայելով կառապանին մտրակել ձիաները։

ԺԴ

Մի փոքր առաջ, երբ Ամալիան Պլատոնի մոտ գնալու էր պատրաստվում, նա ամեն զգուշություն ի գործ դրավ յուր բացակայությունը մորից ծածկելու. բայց այժմ, երբ վերադառնում էր այնտեղից, նա այդ զգուշության համար մտածելն ավելորդ համարեց։ Դեռևս տուն չհասած, Բաբոն հարցրեց նրանից, թե արդյոք չէ՞ր հրամայիլ կառքը իրենց տանից մի փոքր հեռու կանգնեցնել։

— Ոչ, ուղղակի մեր տան դուռը քշել տուր,— հրամայեց Ամալիան և երկու վայրկյանից ետ ահագին դղրդյունով կառքը կանգնեց Ագապյան տան աոաջ։

Դեռ Ամալիան նոր էր մտնում նախասենյակը, երբ մայրը դիմավորեց նրան բոլորովին անտեղյակ դստեր բացակայության:

— Ամալիա, այդ դո՞ւ կառքով եկար,— հարցրեց իշխանուհին զարմացմամբ։

— Այո՛, ես եկա,— հակիրճ պատասխանեց Ամալիան և շտապավ ներս գնաց դեպի յուր առանձնարանը։

Իշխանուհին չնկատեց յուր դստեր այլայլությունը, բայց շատ հետաքրքրվեցավ իմանալու, թե այդպես վաղ ո՞րտեղից էր վերադառնում նա։

Երբ նրանք ներս մտան առանձնարանը, մայրը հարցրեց կասկածավոր եղանակով.

— Ամալիա, ո՞րտեղ էիր դու այսպես վաղ։

— Այնտեղ, որտեղ դու ինձ ուղարկել էիր,— պատասխանեց