Ամալիան շղարշը դեն ձգելով և վրդովմունքից հոգնած բազկաթոռի վերա ընկնելով։
— Այդ խոսքը ի՞նչ է նշանակում, ես քեզ ոչ մի տեղ չեմ ուղարկել։
— Ինչպե՞ս չէ, մոռանո՞ւմ ես,— դառնությամբ նկատեց Ամալիան,— ես Պլատոնի մոտ էի։
— Պլատոնի մո՞տ, մի՞թե նա արդեն վերադարձել է։
— Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել։
— Ի՞նչպես չէ, դու չէի՞ր, որ կարդացիր ինձ նրա նամակը։
— Այո', կարդացի, բայց այդ նամակով նա մեզ խաբել էր և փախչելով մեզանից՝ ապավինել մի անառակ կնոջ տանը…
— Ի՜նչ եմ լսում, Ամալիա, դու ինձ սարսափեցնում ես,— դողալով խոսեց իշխանուհին։
— Մի տարի առաջ պետք է սարսափեիր, հիմա արդեն ուշ է…
— Ի՞նչ ես կամենում գուժել ինձ, աղջիկս, խոսի՛ր տեսնեմ։
— Այն, որ Պլատոն Ջոմարջիձեն քո աղջկանն անպատվելուց ետ, թողնում է նրան։
— Ի՞նչպես կարող է նա հանդգնել. աշխարհում օրենք կա. ես նրան դատարան քարշ կտամ, մինիստրին կդիմեմ, թագավորին կբողոքեմ… — այլայլված որոտաց իշխանուհին։
— Բոլորովին իզուր, որովհետև նրանից էլ քեզ շահ չի լինել։
— Ի՞նչ ես խոսում, ինչպես թե շահ չի լինիլ. մի՞թե ես նրան այդպես հեշտ իմ ձեռքից բաց կթողնեմ։
— Եթե չթողնես, ի՞նչ կարող ես անել։
— Ես քեզ կամուսնացնեմ նրա հետ։
— Ավելի վատ. դու քու աղջիկը կկապես մի անառակ և մի ամենաաղքատ սրիկայի հետ. մի մարդու, որ սրտում ոչ խիղճ ունի և ոչ երեսում' ամոթ, որի համար չկա աշխարհում և ոչ մի սրբություն…
— Թշվառական, և դու այդ դեռ այսօ՞ր իմացար։
— Այո՛, միայն այսօր։