—Ուրեմն ինչու՞ այնքան շուտ և այնքան թուլությամբ անձնատուր եղար մի մարդու, որին դեռ այսօր պիտի ճանաչեիր:
— Ես նրան անձնատուր չեղա. դո՛ւ ինձ մատնեցիր նրան:
— Ամալիա, այդ ի՞նչ սոսկալի զրպարտություն ես անում…
— Զրպարտությո՞ւն, բնավ. ես խոսում եմ ճշմարտությունը, դու ինքդ ինձ նրա ձեռը մատնեցիր. դու ինքդ կործանեցիր իմ ապագան։
— Ամալիա, ես կխելագարվեմ. մի՛ տանջիր ինձ այդքան անողորմ. ինչո՞վ եմ ես մեղավոր քո անպատվության գործում։
— Եվ դեռ հարցնո՞ւմ ես, թշվառ դու։
— Ասա՛, ասա՛, ես կամենում եմ, որ դու հաստատապես համոզես, թե արդարև ես եմ քեզ անպատվողը և ոչ թե դու։
— Շատ լավ. ուրեմն պատասխանիր ինձ, դո՞ւ չէիր իմ մայրը, դո՞ւ չէիր ավելի հասակավորը, դո՞ւ չպետք է լինեիր ավելի փորձվածը, ավելի աշխարհ ճանաչողը։
— Իհարկե։
— Ի՞նչ մտածեցիր, ուրեմն, երբ ինձ նման մի տասնութամյա, աշխարհին անծանոթ, չարին ու բարվոյն անտեղյակ և ըստ ամենայնի անփորձ աղջկան հանձնեցիր մի երիտասարդ, փորձառու, լեզվագար, արկածախնդիր և բոլորովին քեզ անծանոթ մարդու խնամատարության. ի՞նչ իրավունք ունեիր ուրեմն սպասել մեզանից ավելին, քան այն, ինչ որ մենք այժմ տալիս ենք քեզ…
— Իսկ դու՞, Ամալիա, դու, ուրեմն, մի ոչնչություն էիր. դու որ տասնութամյա, զարգացած, կրթված մի աղջիկ էիր, ուրեմն այնքան ուժ չպետք է ունենայիր, որ մի տարի գոնե կարողանայիր ծնողական խնամատարության անկարոտ ապրել…
— Ամենից առաջ գիացիր, թե դու ի՞նչպես ես մեծացրել ինձ մինչև իմ տասներկու տարին և այնուհետև թե դու ո՞րտեղ ես տվել ինձ ուսանելու… Դու խոսում ես իմ զարգացման