և կրթության մասին, բայց դու նեղությո՛ւն ես կրել գոնե մի անգամ իմանալու համար, թե արդյոք ինձ կրթո՞ւմ ու զարգացնո՞ւմ էին, թե միայն աշխարհում թեթև ապրելու եղանակն էին սովորեցնում… Օ՜, դու մայր չես եղել ինձ համար և ո՛չ գոնե մի հասարակ խնամակալ. դու իմ թշնամին և դահիճն ես եղել…
— Ամալիա, Ամալիա, դու խոցոտում ես իմ սիրտը, դու վիրավորում ես իմ հոգին…
— Դրանք դատարկ խոսքեր են, մայր իմ, ճշմարտությունն այն է, որ դու ինձ կործանեցիր, որ դու իմ անդարձ կորստյան պատճառ դարձար… Այսուհետև ապարդյուն է նույնիսկ քո զղջումը, ամեն մի իմ անցյալը հիշելով, ամեն մի իմ դժբախտ ներկան տեսնելով ես պիտի անիծեմ քեզ և պիտի անիծեմ անողորմաբար…
— Ամալիա, դու անգութ ես. մտածիր գոնե մի անգամ, որ ես մայր եմ, որ ես չէի ցանկանալ տեսնել իմ աղջկանը, իմ աչքի լույս Ամալիային այսպիսի անարգ դժբախտության մեջ…
— Այո, դու մայր ես, դու չէիր ցանկանալ տեսնել ինձ դժբախտ, ես հավատում եմ, բայց ի՞նչ ես պատասխանում նրան, որ տեսնում ես թե ես արդեն դժբախտ եմ…
— Բայց ես հանցավոր չեմ, Ամալիա…
— Օ՜հ, միշտ իրենց եսը. թող մեռնի աղջիկը, թող ոչնչանա նա, միայն մոր համար չասեն, թե նա հանցավոր է… Օ՜հ, դեն գցեք ձեր վերայից գոնե մայր անունը, գոնե մի՝ պարծենաք դրանով, դուք չեք սիրում ձեր որդիներին. չէ, այդ մայրերը գուցե մի օր եղել են, բայց այժմ չկան… Աշխարհը կերպարանափոխվել է, մայրական գորովի տեղ այժմ բուսյել է մայրենի ինքնասիրությունը. դուք կամենում եք ձեր որդիներին բախտավոր տեսնել միմիայն ձեը հանգստության համար, խելոք, զարգացած, հարուստ — միմիայն ձեր փառքի համար։ Այն օրը, որ նրանք կընկնին, այն օրը, որ նրանք կաղքատանան, դուք նրանց թշնամիների կողմը կանցնեք, և այդ կանեք հանգիստ սրտով, առանց վրդովվելու, որովհետև հասարակությունը ինքը անբարոյականացնում է