— Վա՛յ յիս նրա հոգուն մեռնիմ, ի՜նչ դարդիմանդն է էլի, տո՛։
— Մա՛շ վուր յիս ասում էի։ Դուն ինձ էն ասա, մարթիք գթա՞ր:
— Հիսուն հոգուց ավել ունիմ. ջեր մե հինգ հոգի էլ էստի հիդս իմ բերի։
— Վուր էտենց է, դու մե քիչ մուլափ տու, յիս տեսնիմ, թե էս տղեն ո՞վ է։— Այս ասելով չաչանակ Սերգոն վեր կացավ և մոտենալով երիտասարդ Սարյանին.
— Բարով ձիզ, անճանաչ ախպեր,— ասաց և աթոռը քաշելով սեղանի մոտ, առանց այլևայլության նստեց նրա կողքին։
— Բարով ձեզ,— պատասխանեց երիտասարդը։
— Ամոթ չլի հարցնիլը, հրամանքդ վուրտղանցի՞ իր։
Սարյանը ասաց իրենց քաղաքի անունը։
— Հա՞. մաշ մեկ էլ բարով, յիս էնդի էլիլ իմ.— այս ասելով Սերդոն ձեռքը մեկնեց Սարյանին և նրա աջն առնելով ամուր սեղմեց իբրև հին բարեկամ։
— Ե՞րբ եք եղել մեր քաղաքում։
— Շատ հնուց, քսանուհինգ տարի կուլի, ջեր էն վուխտը կուլի, վուր դուն ծնված էլ չէիր։
— Ա՛յո, ես դեռ այդ տարիքը չունիմ։
— Ամա, հախ աստծու, լավ իրգիր է. միսը էժան, լավ ապրելու տիղ է։ Հիմի էլ էնենց էժանութի՞ն է էնդի։
— Այո՛, հիմա էլ աժանություն է։
— Աբա, միր քաղաքը վո՞ւնց հավնեցաք։
— Դեռ լավ չեմ տեսել, երեկ եմ եկել։
— Աբա դուն մե լավ բաբաթ ման արի, տիս թե ինչի՞ ր կա, ինչի՞ր պտիս տեսնի— մինձ-մինձ քուչեք, մինձ-մինձ ինձ տներ, լավ մաղազիեք, քարվանսարեք, մինձ-մինձ գաստինիցեք, էրկու իրեք թեատր, ցիրկ, մե թեատր էլ խո մեր հայերունն է։
— Գիտեմ, այդ բոլորի մասին լսել եմ։
— Լսիլը ջուգ բան է, պարուն ջան, աչքով տեսնիլը՝ ջուգ։