Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անթիվ էին, իսկ ընթերցողներ հազարավոր կունենայինք. երկու բան միայն անորոշ էր. ո՞վ պիտի լիներ խմբագիրը և ո՞վ պիտի հոգար թերթի սկզբնական ծախքերը։

Պետք է ասած, որ մեր ժողովին մասնակցող անձինքների մեջ այդ րոպեին միակ հարուստը ես էի...

— Դո՞ւ. մի՞թե. այդ ես չեմ իմացել։ Չէ՞ որ այս րոպեին էլ ասացիր, որ փող չունեիր։

— Այսինքն սեփական փող չունեի, բայց միևնույն է, այդ րոպեին իմ գրպանում չորս հարյուր ռուբլի կար։

— Բшյց որտեղի՞ց։

— Մի ամիս առաջ այրի մորաքույրս հինգ հարյուր ռուբլի էր ղրկել ինձ, որպեսզի այդ գումարով երկու վիճակահանության տոմսեր գնեմ յուր համար:

— Եվ դու չէի՞ր գնել։

— Ինչպե՞ս չէ. գնեցի, բայց որովհետև նա պատվիրել էր, որ այդ տոմսերը գնելուց ետ ավանդ դնեմ բանկերից մինում, ուստի ավանդ դնելու տեղ ես գրավ դրի։

— Հետո՞։

— Հետո գրավի փողերն ստանալով գրպանս դրի, իսկ տոմսերի գնման հաշիվը իրեն ղրկեցի։

— Ի՜նչ տարօրինակ մարդ ես դու. ինչպե՞ս կարողացար խաբել մի խեղճ կնոջ, որ իբրև քեռորդու հավատացել է քեզ:

— Առաջին՝ նա խեղճ չէ. լավ կարողություն ունի, իսկ ինքը ազնվական է։ Երկրորդ՝ նրա համար միևնույն է թե յուր տոմսերը բանկում ավա՞նդ են դրված, թե՞ գրավ, բավական է, որ ապահով տեղ են գտնվում։

— Բայց չէ՞ որ դու նրանց արժեքն ստացել ես բանկից։

— Ա՜խ, դա իմ սեփական պարտքն է. ես մի օր էլ կվերադարձնեմ նույն բանկին։

— Հարցը հենց նրանում է, որ կարողանաս վերադարձնել։

— Իհարկե, կվերադարձնեմ. փառավոր լրագիր եմ հրատարակում, ահագին թվով բաժանորդներ ունիմ։

— Լավ. ուրեմն պատմությունդ շարունակիր։

— Իսկույն, բայց որտե՞ղ մնացի, չեմ հիշում։