Էջ:Muratsan, vol. 3.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հնար է ճին իդեալներով ոգևորվող այս երիտասարդության դեմ կռվել կամ գրավել նրան յուր կողմը՝ առանց նրա պաշտած աստվածների առաջ ծունկ խոնարհելու։

Եվ ահա՛, նա փոխեց յուր հոգվո կերպարանքը և դիմակ հագավ. նա ներկայացրեց իրեն իբրև մինն այն երիտասարդներից, որոնք հին իդեալներով են ոգևորվում և այդ իդեալներին են նվիրված։

Եվ նա յուր հաշվի մեջ չսխալվեցավ։ Շուտով նրա շուրջը հավաքվեցան շատերն յուր ցանկացած մարդիկներից, որոնք մտերմացան նրա հետ, խորհուրդներ առին, խորհուրդներ տվին, գաղտնիքներ հայտնեցին և այլն։

Բայց որպեսզի յուր բարեկամներին ավելի սերտ կապե յուր հետ և նրանց թիվն ավելացնե, նա որոշեց հրատարակել նաև մի հայերեն թերթ, որն ապագայում ուրիշ նպատակների կարող էր ծառայել։

Սակայն յուր անցյալ և, ո՞վ գիտե, գուցե մոռացված, սխալանքների պատճառով, նա չէր կարող խմբագիր-հրատարակչի պատվին արժանանալ, այդ պատճառով հարմար դատեց նաև խմբագրի անուն կրող մի խրտվիլակ որոնելու, որը և գտավ մեր ընթերցողներին հայտնի Մանուկ Շաշյանի մեջ։

Թե այնուհետև ինչպես սկսեց գործել առաքյալ Մոմճյանը, մասամբ տեսանք և դեռ էլի կտեսնենք։

ԺԲ

ԱՆԼՈՒԾԱՆԵԼԻ ՀԱՆԳՈՒՑՑ

Երբ երիտասարդ Սարյանի փորձնական ծառայության առաջին շաբաթն անցավ, Մոմճյանը հանձնեց նրան «Փնջիկս»-ի խմբագրության գրական հարստությունը, որ բաղկացած էր բազմաթիվ հին ու նոր աշխատություններից՝ հոդվածներից, զրույցներից, պատկերներից, ոտանավորներից և այլն, և իրավունք տվավ նրան կարդալ այդ բոլորը, պիտանի գտածներն ուղղել ու հարմարեցնել տպագրության համար, իսկ անպետքները ձգել զամբյուղի մեջ։