Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդը մի օր շարունակ ուշի ուշով կարդաց այդ աշխատությունները և նրանց մեջ պիտանի ոչինչ չգտնելով բոլորն էլ ձգեց զամբյուղի մեջ։

Մոմճյանը, որ կարծում էր թե մի քանի համարի արդեն նյութ ունի պատրաստ, զարմացավ՝ լսելով Սարյանից, որ աոաջիկա համարը լցնելու համար նյութ չկա խմբագրության մեջ։

— Ի՞նչ եք ասում, իմ ձեզ տված նյութերը մի քանի համար կլցնեին, իսկ դուք աոաջին համարի համար էլ չկարողացաք օգուտ քաղել նրանցից,— դժգոհությամբ բացականչեց Մոմճյանը։

— Այդ նյութերից անկարելի էր օգուտ քաղել,— սառնությամբ նկատեց Սարյանը։

— Ի՞նչ եք ասում, նրանցից շատերը հայտնի գրողների աշխատություններ էին։

— Իմ կարդացածները բոլորն էլ դպրոցական համբակների և անգրագետ մարդկանց անմիտ ու անբովանդակ գրվածքներ էին։

— Անկարելի է։

— Ի՞նչ է անկարելի, քանի որ այդպես էր։

— Սխալվում եք։

— Ո՛չ, չեմ սխալվում։

— Անպատճառ սխալվում եք, պարոն Սարյան, որովհետև նրանց մեջ իմ գրվածքներն էլ կային,— եռանդով բացականչեց խմբագիր Շաշյանը, որը նույնպես զարմացել էր Սարյանի զեկուցումը լսելով։

Երիտասարդ աշխատակիցը մի կարեկցական հայացք ձգեց խմբագրի վրա և ժպտաց։ Իսկ Մոմճյանը նրա անտեղի միջամտության վրա բարկանալով՝ ի նշան դժգոհության՝ բռունցքը զարկեց սեղանին։ Ապա դեպի Սարյանը դառնալով հարցրեց։

— Այսուամենայնիվ, այդ նյութերը հո չոչնչացրի՞ք:

— Համաձայն ձեր կարգադրության բոլորն էլ զամբյուղը թափեցի։

— Զամբյո՞ւղը թափեցիք։ Օ՜, այդ արդեն չափազանց է. հեղինակությունների հետ այդպես անգթաբար չեն վարվում։