Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք, կարծեմ, այդպես կարգադրեցիք։

— Այո՛, բայց իմ կարգադրությունը միայն անպետքների մասին էր։

— Ես էլ միայն անպետքները թափեցի զամբյուղը։

— Իսկ պիտանինե՞րն ինչ արիք։

— Պիտանիներ չկային։

— Ախ, պարոն Սարյան, ինչ եք ասում, մի՞թե կարելի է. ո՞ւր է. տվեք ինձ այդ նյութերը։

Սարյանը զամբյուղը Մոմճյանի առջևը դրավ։

— Հապա, կարդացեք. ինչ բանի մասին է գրված, օրինակ, հենց այստեղ։— Մոմճյանը ձեռքը զամբյուղը տանելով և մի հաստ տետրակ հանելով՝ տվավ այն Սարյանին։

— Սա իբրև թե մի վիպակ է։

— Ի՞նչ կնշանակե «իբրև թե»։

— «Իբրև թե»— կնշանակե այն, որ հեղինակը յուր գրվածքի անունը «Վիպակ» է դրել, իսկ նա մի տղայական, անմիտ, անճաշակ, հակասություններով լի և մանավանդ անճոռնի լեզվով դրված մի առասպել է։

— Շատ լավ. ձեր պաշտոնն էլ հենց այն է, որ անճոռնի լեզուն ուղղեք...

— Ենթադրենք թե լեզուն ուղղեցի, իսկ նրա անմիտ ու անճաշակ բովանդակությու՞նը, նրա հակասություններն ի՞նչ անեմ, ես խո չեմ կարող այդ թերություններն էլ ուղղել։

— Իսկ սա՞ ինչ բան է,— նորեն մի գրվածք հանելով զամբյուղից, հարցրեց Մոմճյանը։

— Սա էլ, իբրև թե, ոտանավոր բանաստեղծություն է։

— Դարձյա՞լ «իբրև թե», զարմանում եմ, եթե բանաստեղծություն է, ուրեմն բանաստեղծություն է։

— Այդպես է գրված ոտանավորի վերնագրի տակ, փակագծերի մեջ։

— Եթե այդպես է գրված, ուրեմն բանաստեղծություն է :

— Ոչ, պարոն. դա մի համբակի, կամ, գուցե, հայոց լրագիրներով հայերեն սովորող մի տիրացուի խելքի արտադրությունն է։

— Հապա կարդացեք լսենք։

— Լսեցեք, վերնագիրն է՝ «Խավարի թագավոր»։