մտնելով, իրենք էլ իրենց հերթում մեր կարծիքներին կծառայեն։ Այս եղանակով կարելի է օգնել նաև մեր կուսակցության պատկանող դպրոցավարտ օրիորդներին, եթե նրանք վարժուհության կամ հասարակական ուրիշ պաշտոններ ստանալու ցանկություն ունենան։ Որովհետև պաշտոն տվող հոգաբարձուները, տեսուչները, կառավարիչները և այլն, պիտի գտնվին մեր կուսակցության մեջ։
Կուսակցության համամիտ և համազոր գործողության շնորհիվ հնարավոր է նույնպես ձեռք առնել երեցփոխանական, հոգաբարձուական և հայոց ընկերական հաստատությունների բոլոր ընտրությունները և այդպիսով մտնել ամեն տեղ, տիրել ամեն գործի և հասարակական բախտի կառավար ու առաջնորդ հանդիսանալ...»։
«Սույն պատճառաբանությունները լսելով՝ խմբագրական Ժողովը միաձայն ընդունեց պ. Մոմճյանի առաջարկությունը և հանձնեց նրան՝ ամբոխի մեջ գործելու և ամբոխի առաջարկությամբ կուսակցությունը ստեղծելու միջոցները սովորեցնող մի հրահանգ խմբագրել և ներկայացնել այն հետևյալ խմբագրական ժողովին ի քննություն»։
Երբ Շաշյանը արձանագրության ընթերցումը ավարտեց, Մոմճյանը ժողովականներին դառնալով հարցրեց.
— Ձեզանից ո՞վ ինչ նկատողություն ունի անելու։
— Կարծեմ ոչ ոք,— լսվեցավ մի ձայն։
— Ուրեմն... բայց ոչ, դուք ի՞նչ նկատողություն ունիք անելու, պ. Սարյան։
— Ինչի՞ վերաբերմամբ։
— Մեր այս արձանագրության։
— Ես ներկա չեմ եղել ձեր ժողովին. հետևապես ձեր արձանագրության մասին էլ նկատողություն անել չեմ կարող։
— Նկատողություն չէ, բայց մի միտք, մի կարծիք խո կարո՞ղ եք հայտնել։
— Այսինքն ի՞նչ կարծիք կկամենայիք, որ հայտնեի։
— Օրինակ թե՝ իմ աոաջարկած կուսակցությունը հարկավո՞ր է ունենալ, թե ոչ։
— Իմ կարծիքով ամեն լավ բան կատարելու համար