Էջ:Muratsan, vol. 3.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ժողովականների. առաջ յուր կազմած հրահանգի վարկը ձգե։

— Ես գիտեմ, թե ձեզ ո՞ր կետը անհանգստացրեց,— դարձավ նա Սարյանին քաղցրությամբ,—բայց այդ կետի մասին ես ձեզ առանձին բացատրություն կտամ:

Սարյանը լուռ ու մունջ նստեց տեղը, զղջալով յուր միջամտության վրա։

Մոմճյանը շարունակեց։

«6—րդ հոդված. Ամեն աշխատություն պետք է գործ դնենք մեզ հավատարիմ և մտերիմ դարձնելու այն անձինքներին, որոնք ընտանիքների մեջ հաճախելու պաշտոններ ունին: Այդ կարգին պատկանում են վարժուհիները, մանկաբարձուհիները, վարսավիրները, սափրիչները և լվացարարները»։

— Ասացեք խնդրեմ պ. Մոմճյան, մանկաբարձուհիները ի՞նչ ծառայություն կարող են անել մեզ,— հետաքրքրությամբ հարցրեց օր. Մամուլյանը։

— Մանկաբարձուհինե՞րը, օ՜, նրանք մեծ ծառայություն կարող են անել։ Երևակայեցեք, թե նրանք քանի՜ քանի՜ ընտանիքներ են մտնում, որքա՜ն կանանց հետ գործ ունին։

— Ի՞նչ գործ ունին, ծնվող երեխաներին են ընդունում։ Նրանց հո մեզ կուսակից չի պիտի շինեն։

— Նրանց չեն շինիլ, բայց նրանց մայրերի հետ խոսելու շատ բան կունենան։ Չէ՞ որ ծնող կանանց մոտ նրանք երկար ժամերով են նստում։

— Կարծեք թե ծնող կինը յուր ցավերի ժամանակ մանկաբարձուհու ճառերին ուշադրություն պետք է դարձնե։

— Նա չի դարձնիլ, բայց նրա մոտ այդ ժամանակ բարեկամուհիներ ու ազգականուհիներ շատ կլինեն, նրնրանք ուշադրություն կդարձնեն։ Երբեմն քամին փոքրիկ սերմը թռցնում տանում է և նրանից անապատում մեծ ծառ է բուսնում։ Այդ իմացեք։

— Իսկ սափրիչները ի՞նչ ծառայություն կարող են անել.— հարցրեց երիտասարդ աշխատակիցներից մինը։

— Սափրիչների ծառայությունն էլ նշանավոր է։ Երևակայեցեք, որ դուք ոչ մի բանից տեղեկություն չունեցող մի վաճառական եք, բայց շաբաթը երկու անդամ ձեր ուռած թշերը թրաշել եք տալիս։ Սափրիչը գալիս է ձեզ մոտ։ Դուք, թե՛