Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեր վարյապետերին,— հեգնական ժպիտով նկատեց Մոմճյանը:

— Իմ վարժապետի՞ն. օ՜հ, ոչ: Իմ վարժապետին ես ոչ մի նեղություն չեմ պատճառել,— ջերմությամբ հարեց Սարյանը,— որովհետև նրա խոսքերը, նրա բացատրությունները միշտ իմ սրտին սիրելի, իմ հոգուն ընտանի են եղել։Որքան էլ նա խրթին բառերով, այլաբանական ձևերով և վարագուրված ակնարկություններով արտահայտեր յուր միտքը, այսուամենայնիվ ես կհասկանայի, որովհետև, ինչպես ասացի. նա իմ սրտի և հոգու հետ էր խոսում։

— Իսկ ե՜ս, իսկ իմ խոսքե՞րը...

— Օ՜յ, ձեր խոսքերը... թույլ տվեք ասել, պարոն, որ ձեր խոսքերը ինձ համար խորթ, օտար և անհարազատ մտքեր են պարունակում իրենց մեջ. ես նրանց հասկանալ չեմ կարող։

— Շատ բնական է, որովհետև գավառացի եք և հայոց թեմական դպրոցի աշակերտ։ Ձեր վարժապետը, անշուշտ, խավար ժամանակի ծնունդներից է, մանավանդ, սխոլաստիկական փտած շկոլայի ստրուկներից մեկն է եղել։ Նա չէր կարող ծանոթացնել ձեզ նոր ժամանակի ոգու և լուսավորության հետ. չէր կարող վարժեցնել ձեզ չփտած մտքեր լսելու և ըմբռնելու և, մանավանդ, հառաջադիմական ուղղության խորհուրդը հասկանալու։ Բնությունը ձեզ շնորհք և ընդունակություն է տվել, բայց խավարի որդիքը արգելել են ձեզ այդ շնորհքից և ընդունակությունից օգտվելու, որովհետև ձեր ուղեղը լցրել են հին ու մաշված մտքերով, նախապաշարմունքներով։ Ես սրտանց ցավում եմ ձեզ համար։

— Շնորհակալ եմ ձեր ցավակցության համար,— մեղմով ժպտալով պատասխանեց Սարյանը,— եթե, արդարև, իմ վարժապետը նկարագրածդ մարդն է եղել և յուր խավարամտությամբ արգելք է դարձել իմ մտքերի զարգանալուն, այդ իհարկե, ցավալի է։ Բայց ես դեռ երիտասարդ եմ և կարող եմ շատ բան սովորել։ «Լավ է ուշ, քան երբեք», ասում է առածը։ Հետևապես ձեզ նման լուսամիտ երիտասարդների բարեկամությունից և խորհուրդներից ես դեռ կարող եմ օգտվել։ Ասացեք ինձ ուրեմն, որո՞նք են նոր ժամանակի ոգին, լուսավորությունը,