— Ի՞նչ պիտի անեք. աղջկան անունը խայտառակում եք. մի՞թե իմ լավության փոխարենը ա՞յդ պիտի վճարեիք։
— Ներեցեք, տիկին, ձեզ չեմ հասկանում, ի՞նչ ունիմ ես ձեր աղջկա հետ. ինչո՞ւ պետք է նրա անունը խայտառակեմ:
— Հապա որ նրան թողնում եք, այդ խայտառակել չէ՞ նշանակում ։
— Ինչպե՞ս թե նրան թողնում եմ։ — Թողնում եք է՛լի. Շուշանը հայտնեց ինձ այդ նորությունը։
— Աստված վկա, տիկին, ձեզ չեմ հասկանում, պարզ ասացեք, ո՞ւմ եմ թողնում, ի՞նչ կնշանակե թողնել։
— Պարզ չասացի՞ . հայերեն չե՞մ խոսում։ Թողնում եք իմ Շուշանին, նրան էլ չեք ուզում, կամենում եք ուրիշ աղջկա հետ նշանվել։
Վահանը բարձրաձայն ծիծաղեց։
— Ի՞նչ եք ծիծաղում,— հարցրեց տիկինը։
— Ինչպե՞ս չծիծաղեմ. այնպիսի մի հանցանքի մեջ եք մեղադրում ինձ, որ ես ոչ գործել եմ, ոչ կարող եմ գործել, ոչ էլ մտածել եմ գործելու։
— Ինչպե՞ս, ուրեմն Շուշանին չե՞ք թողնում.— հարցրեց տիկինը կարծես նորից հույս առնելով։
— Տիկին, կատակ չե՞ք անում։
— Ինչպե՞ս թե կատակ, ինչո՞ւ պետք է կատակ անեմ։
— Հապա ես ի՞նչ ամուսնացող եմ, որ Շուշանին ուզեմ կամ մի ուրիշին։
— Եթե ամուսնացող չեք, ինչո՞ւ համար էիք խոսք տալիս։
— Խո՞սք... ո՞ւմն եմ խոսք տվել։
— Ի՛նձ։
— Ձե՞զ։
— Այո', ինձ. մի՞թե մոռացել եք։
— Ե՞րբ։
— Մի ամիս առաջ։
— Տիկին, ներեցեք, դուք ինձ զրպարտում եք. ձեր կամ մի ուրիշի աղջիկն ուզելու համար ես մի խոսք անգամ խոսած չունիմ ձեզ հետ։