ընդունելության կհանդիպեր, որ կարող էր մինչև անգամ կորցնել իրեն և ինչ բանի համար եկած լինելը մոռանալ։ Թորոսյանի այդ վարմունքը նրա ծառայողները բացատրում էին նրանով, որ այդ մարդը ներքին բնազդմամբ զգալով, որ վերջին տեսակի մարդիկ չեն կարող իրեն օգուտ բերող մի գործի համար մտնել յուր գրասենյակը, այլ եթե մտնում են, անպատճառ մի բան դուրս տանելու համար են մտնում, ուստի չէր էլ կարողանում քաղցր աչքով նայել այդ տեսակ մարդկանց վրա կամ քաղցր լեզվով խոսել նրանց հետ, թեկուզ այդ մարդիկ նույնիսկ բոլոր հայերից հարգված մեծանուն գործիչներ լինեին։ Դրա հակառակ, Թորոսյանը վերին աստիճանի սիրելի և քաղցրաբարո էր լինում մի ամենահասարակ մարդու, նույնիսկ մի շիրաջի գործակատարի հետ, եթե նա այնպիսի մի գործի համար էր գալիս յուր մոտ, որից ինքը թեկուզ ամենափոքրիկ մի շահ կարող էր ստանալ։
Այս բնորոշ գծից արդեն ընթերցողները կարող են հասկանալ, որ Թորոսյանը, չնայելով յուր հարստությանը և առևտրական աշխարհում ունեցած հռչակին, թե՛ վերին աստիճանի շահասեր և թե՛ դեպի հասարակական գործերն անտարբեր մեկն էր։
Հենց այս պատճառով էլ նրա աչքում, բոլոր աշխարհի մեջ, միակ արժանավոր բանը փողն էր, իսկ արժանավոր մարդը՝ միայն հարուստը։ Երեկվա գյադան, որ ինչ֊ինչ միջոցներով, կամ ո՞վ գիտե, բախտի ի՞նչ կատակով այսօր մի քանի հազար ռուբլու տեր էր դարձել, Թորոսյանի աչքում ավելի գին ու արժեք ուներ, քան ա՛յն մարդը, որ ուսում ու գիտություն էր ստացել, ազնվացել ու բարձրացել էր, անձնական օգուտը թողած՝ հասարակական շահերին էր ծառայում և, սակայն, այդ բոլոր առավելությունների հետ միասին, գրպանում փող չուներ։ Վերջին հանգամանքի պատճառով այդ ուսումնականը, գիտնականը, հասարակական անձնվեր գործիչը յուր բոլոր արժեքը կորցնում էր Թորոսյանի աչքում։
Եվ սակայն, այս բոլորի հետ միասին, Թորոսյանը բնական խելք և առողջ դատողություն ուներ։ Նա գեղեցիկ տրամաբանում և փիլիսոփայորեն խոսում էր։ Միայն թե նա յուր այդ ընդունակությունը զարգացրել էր խիստ միակողմանի