Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչո՞վ էիր պարապում,— հարցրեց Թորոսյանը հետաքրքրությամբ,

— Այստեղ գալուց «Փնջիկ» թերթի խմբագրատանը աշխատակցի և քարտուղարի պաշտոն ստանձնեցի. մինչև այժմ այնտեղ էի ծառայում,— ասաց Սարյանը, կարծելով, թե այդ հայտարարությամբ յուր վարկը պիտի ավելանա Թորոսյանի աչքում։

Բայց վերջինս դեմքը խոժոռելով և խիստ անախորժ արտահայտություն տալով նրան նկատեց.

— Այդպես դատարկ բաներով էլ ե՞ք զբաղվում։ Սարյանը թափանցելով իսկույն խոսակցի հոդու մեջ և հասկանալով, որ հին սերնդի մի անողոք ներկայացուցչի հետ ունի գործ, խորամանկությամբ ավելացրեց.

— Այդ պաշտոնը հանձն առի առժամանակ. այսինքն, մինչև որ մի հաստատուն պաշտոն կգտնեի։

— Առժամանա՞կ. հա՛, առժամանակ կարելի էր։ Ավելի լավ է մի բանով պարապել, քան թե անգործ նստել։ Իհարկե քո ծառայության համար վճարում էին։

— Այսինքն պետք է վճարեին, բայց հետո...

— Ի՞նչ պատահեց, չվճարեցի՞ն։

— Այո՛, չվճարեցին, և ես հեռացա...

— Հա՛, հա՛, հա՛, չվճարեցին, իհարկե չէին վճարիլ, հա, հա՛, հա՛ ... հապա ի՞նչ էիր կարծել, հա, հա՛, հա՛

... Երկար և բարձրաձայն սկսեց ծիծաղել Թորոսյանը և այդ սրտանց ծիծաղով կարծես կամենում էր ապացուցանել, որ ինքը երբեք չէր սխալվում բոլոր այդ «ազգասեր» և «գրական» անուն կրող մարդկանց ատելով և արհամարհելով։

— Եղբայր, քո հայրը խելոք մարդ էր,— դարձավ նա երիտասարդին,— ծիծաղելուց դադարելով,— այդ տեսակ գործի մտնելուց առաջ պետք է նրանից խորհուրդ հարցնեիր, ինչո՞ւ վեց-յոթ շաբաթներդ անօգուտ վատնեցիր։

— Սխալվեցա և ինքս էլ զղջացի, բայց արդեն ուշ էր։

— Զղջացի՞ր, հա՜. ուրեմն վնաս չունի, սխալվելը բոլոր երիտասարդներին է հատուկ, զգույշ կաց, որ այսուհետև չսխալվես: