Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսակետին, թե ավելի պակաս դժբախտ է այն աղքատը, որ երբեք չէ հարստացել, քան ա՛յն հարուստը, որ աղքատացել է։ Ըստ որում, ով որ վատթարագույնն է կրում, լավի մասին գաղափար չունի, իսկ լավագույնը վայելողի համար վատթարը անտանելի է։

Հետևապես, ինչ պիտի անե Գևորգը, եթե յուր անզուգական Մաթիլդը կորցնե. մի հարստություն, որի նմանը տարիներով են պտրում և երբեք չեն գտնում։ Նույնպես Մաթիլդը ինչպե՞ս կարող է ապրել, եթե Գևորգի նման սիրող և շնորհալի ամուսնուց զրկվի: Երկուսի համար էլ մ մյուսից զրկվելու վիշտը անսփոփելի է։ Ուրեմն ավելի լավ է, որ մարդ երբեք չճանաչե երջանկությունը, եթե նրան հարատև վայելել չի կարող մտածում էի ես։

Զարմանալի զուգադիպությամբ՝ հենց այս մտածմունքների մեջ խորասուզված պատահեցի մի օր իմ բարեկամներին, որոնք գրեթե նույնանման մի հարց լուծելով էին զբաղված։

Սկզբում տ. Մաթիլդին տխուր և դեմքը խոժոռած գտա, մինչդեռ Գևորգը ուրախ֊ուրախ ծիծաղում էր:

Երբ պատճառը հարցրի, Մաթիլդը սրտնեղած մատնացույց արավ ամուսնուն։

— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ տիկինը տխուր է,— հարցրի Գեորգին։

— Ինքս էլ չգիտեմ ինչո՞ւ է տխրել, մի շատ հասարակ հարց եմ առաջարկել նրան, պատասխանելու փոխարեն բարկանում է։

— Բայց ի՞նչ հարց է այդ։

— Ոչինչ, շատ հասարակ, սրան հարցնում եմ, թե ի՞նչ պիտի անես, եթե ես մեռնեմ, դրա համար էլ նեղանում է:

— Դարձյա՞լ կրկնեցիր, տեր աստված. ի՜նչ անգութն է.— վրդովված խոսեց Մաթիլդը:

— Եվ իրավ, ի՞նչ այդ տեսակ հարցերի ժամանակ է — նկատեցի ես,— չե՞ք կարող ավելի ուրախ բաների վրա խոսել:

— Զարմանում եմ, դուք էլ մի կնոջ չափ դյուրազգաց եք երևում. թեպետ արտաքինիդ այդ հերքում է,— դարձավ