նրա մի քանի նկատողություններից արդեն հասկացավ, որ նոր պաշտոնակիցը յուր մտերիմն ու հավատարիմը լինել չէ կարող, զղջաց յուր սխալմունքի վրա, բայց արդեն ուշ էր, Նրան մնում էր կամ բոլորովին ետ կանգնել մոլորության ճանապարհից, կամ աշխատել հեռացնել պաշտոնից Սարյանին և նրա տեղ մի ուրիշը նշանակել տալ։ Այս վերջին միջոցը նա բանավոր համարեց։ Այդ նպատակին հասնելու համար, նա այնպես ձևացրեց, որպես թե, Սարյանի՛ նկատողություններն ուշադրության առնելով հեռանում է մոլորության ճանապարհից և զբաղվում է նրա սիրած գործերով։
Այդ գործերից մինն այն էր, որ նա ծանոթացրեց Սարյանին ազգասեր Նադիրյանի հետ։ Իսկ այդ արավ այն նպատակով, որպեսզի Վահանը բարեկամանալով նրա հետ գրգռե Թորոսյանի դժգոհությունն ու զայրույթը: Այդպիսով խախտելով Թորոսյանի՝ դեպի յուր ազգակիցն ունեցած հավատը, նա հեշտությամբ կարող էր նաև զանազան հանցանքների մեջ զրպարտել նրան և գրգռել Թորոսյանին՝ հեռացնել պաշտոնից այդ «ազգային» և «գրական» ցավերով ախտացած երիտասարդին։
Գանձապահը կիսով չափ հասել էր յուր նպատակին. մնում էր մի փոքր ևս աշխատել, որպեսզի գործը կատարելապես հաջողվեր։
Երբ Թորոսյանը դուրս գնաց գրասենյակից, գանձապահը մոտեցավ Սարյանին, որը տխուր և ձեռքը ծնոտին հենած նստած էր սեղանի առաջ և մտերմաբար խոսեց նրա հետ։
— Սիրելիս, պիտի ներես ինձ, որ այդ գազանից վախենալուս համար ոչ միայն սուտ խոսեցի, այլև չարախոսեցի քո մասին։ Հավատացիր, որ թե քո կողմը բռնեի, նա իսկույն կարտաքսեր ինձ։ Տեսա՞ր, ինքն անգամ ասաց թե՝ «եթե իմ գանձապահը այդպիսի ցանցառություն աներ, կարտաքսեի նրան»։ Բայց քեզ խնայեց, որովհետև յուր ազգականն ես։ Այսուամենայնիվ, մի գաղտնիք ասեմ քեզ օգուտ քաղիր նրանից։ Թորոսյանի սիրտը յուր լեզվի նման չար չէ։ Նրա բարկանալուն կամ սպառնալուն մի՛ նայիր։ Դու շարունակիր քո բարեկամությունը Նադիրյանի կամ նրա ընկերների հետ, որպեսզի այդպիսով ինձ էլ օգնես այս ստոր դրությունից