Էջ:Muratsan, vol. 3.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղբով ու ցեխով պատած բակի մեջ ըմբիշները սկսում են իրենց մենամարտությունը։ Նախ ապտակներ է, որ տալիս են միմյանց, հետո կռուփներ են իջեցնում իրար մեջքի, կրծքի, գլխի կամ երեսի վրա։ Ամենից վերջն իրար գրկելով ու մեկը մյուսին տապալել ճգնելով, երկուսն էլ գլորվում ու թավալվում են ցեխի կամ աղբի մեջ։ Շրջապատողները, որոնք հետզհետե բազմանում են, մի որոշ ժամանակ հանդիսատես լինելուց և կռվողներին իրար դեմ գրգռելուց ետ՝ վերջապես բաժանում են նրանց։

Երիտասարդ Վահանը բոլոր այդ տեղերը շրջում, բոլոր խումբերին այցելում էր և երկար ամեն մեկի մոտ կանգնելով՝ լսում էր նրանց զրույցները, դիտում էր զվարճությունները, կամ վեճն ու կռիվը, և այդպիսով ծանոթանում կյանքի այնպիսի կողմերի հետ, որոնք մինչև այն անծանոթ էին իրեն։

Դժբախտաբար այդ ծանոթությունը տխրեցնում էր երիտասարդին։ Նա ցավելով տեսնում էր, որ այդ բազմաթիվ և բազմազան հայ ուղևորների մեջ, չհաշվելով, իհարկե, գռեհիկներին, այլ նրանց, որոնք աշխարհ տեսած, հայտնի առևտրական կամ պաշտոնի տեր անձինք էին, չկա գոնե մեկը, որ մտածեր ու դատեր այնպես, ինչպես ինքն էր կամենում, կամ հետաքրքրվեր այն խնդիրներով, որոնք սիրելի էին իրեն։ Բոլորի թե՛ խոսակցության և թե՛ վիճաբանության առարկան ամեն տեղ և ամեն ժամանակ նախ փուլը և ապա ստամոքսն էր։ Նույնիսկ այդ մարդկանց ուրախությունն ու կռիվն այս երկու առարկաների շուրջն էին պտտում, քիչ չէր և նրանց թիվը, որոնք փողի և ստամոքսի մասին խոսելիս ոգևորվում և հափշտակվում էին։

Սակայն երիտասարդը հավատում էր, որ քանի լուսավորության կենտրոնին մոտենա, այնքան իջևաններում ավելի հասկացող, ավելի քաղաքակրթված և ավելի նրբաճաշակ մարդկանց պիտի հանդիպի։

Դժբախտաբար նրա այդ հույսը չարդարացրեց նույնիսկ հռչակավոր Սոզանլուխը, որ վերջին իջևանն էր։ Այդտեղ նա պատահեց բուն թիֆլիսեցի լայն շալվարներով, արծաթյա հրեշավոր գոտիներով, մորթու գլխարկներ դրած,