Էջ:Muratsan, vol. 3.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար։ Օրինակ, խոհարարները փողոցի մեջ թափում են իրենց քուրաների մոխիրը կամ խոհանոցի կեղտը, կոշկակարը յուր կաշիների կեղտաջուրը, սափրիչներն իրենց լվացուկները, հացթուխը փայտ է կոտրում այդտեղ, քյարարչին օդն է ապականում յուր խորովածների ծուխով, մսագործն յուր ավելցուկներն է շպրտում խանութի առաջ և այլն։ Միով բանիվ ոչ ոք չգիտե այստեղ, թե ինչ բան է քաղաքային վարչությունը և ինչումն են կայանում նրա իրավունքներն ու պարտավորությունը, որովհետև նրա կամ նրա մարդկանց հետ ծանոթ լինելու դժբախտությունը չի ունենում։

Այս փողոցներից գլխավորի վրա, որին ժողովուրդը «Սատանայի շուկա» է անվանում, գտնվում է «Արդար քրտինքով ապրողների թեյարանը»։ Խանութների մեջտեղում բացված մի նեղ և միադուռ անցք հանում է ձեզ կրպակավոր շինության վերին հարկը, որի ամբողջությունը բաղկացած է մի նախասենյակից, մի երկար և ընդարձակ դահլիճից և նեղ պատշգամից, որ ընկած է ամբողջ շինության երկարությամբ։

Դահլիճի մի անկյունում շինված է տձև վառարան, որի վրա բարձրանում է մեծ պղնձե կճուճ՝ կափարիչով և ծորակով։ Դա թեյարանի հեշտաեռն է, որի մեջ եռում է թեյի համար անհրաժեշտ ջուրը։ Վառարանից մի փոքր հեռու թեյարանի տիրոջ արճճապատ սեղանափակն է, որի վրա շարված են բազմաթիվ մեծ թեյնոցներ, իսկ նրանց ամեն մեկի վրա մի ուրիշ փոքրիկ թեյնոց։ Սկուտեղների վրա դարսված են անթիվ բաժակներ, պնակներ և պնակիկներ։ Սեղանափակի ետևում կանգնած է թեյարանի տերը, մի հաստ, միջին հասակով առողջակազմ տղամարդ, ածելած և կոպիտ երեսով, մեծ ու հաստ ընչանցքով և հայկական քթով։ Հագած ունի սև սատինի արխալուղ՝ կրծքին երկկարգ կոճակներ շարած և կրծկապը ետ ծալած. մեջքը կապած է լայն, արծաթակուռ գոտի, որի առջևից ցցվում են երեք ահագին բրգաձև գլուխներ, իսկ մեջտեղից կախված է փոքրիկ օղակավոր շղթա։ Այդ ծանրակշիռ արծաթե գոտին նրա ապագա թաղման հոգեբաժինն է։ Թիֆլիսի հասարակ