վրա և կամեցավ յուր ճարտար լեզվով նկարել իմ առաջ կասկածի ճիվաղային կերպարանքը` նրանից ինձ հեռու փախցնելու համար...։ Այն ժամանակ ես ապացույցներ դրի յուր առաջ։ Նա չկարողացավ հերքել դրանք և շառագունեց։ 0՜, չկա ավելի ծանր պատիժ առաքինի մարդու համար, քան հանցապարտ ու ամոթահար տեսնել յուր առաջ այն տղամարդին, որի մեջ հարգում էր նա երբեմն առաքինությունը, ազնվությունը, հավատարմությունը, որի մեջ ամփոփում էր նա յուր լավագույն հույսերը, որին նա յուր հերոսը, յուր դյուցազնն էր համարում... Ես այդ ծանր վիշտը կրեցի իբրև հայ մարդ. իսկ հետո տանջվեցա իբրև ծնող` երբ իմ դստեր տկար սրտին հասնելիք հարվածի ծանրությունը կշռեցի։ Վերջապես թագավորը խոստովանեց ինձ յուր թուլությունը և խոստացավ խզել Ցլիկ֊Ամրամի տան հետ ունեցած բոլոր կապերը։ Ես ուրախացա և վերադարձա Գարդման։ Բայց ահա՛ գալիս է ամառը և նա թագուհուն ուղարկում է Սյունյաց ամառանոցները, իսկ ինքը դնում Ուտիք, շաբաթներով նստում Սևորդյաց լեռներում Ցլիկ֊Ամրամի վրանների տակ, Ասպրամ իշխանուհու զբոսավայրերում... Ես այնուհետև համբերել չկարողացա։ Նախատական մի գիր գրեցի նրան և սպառնացի, որ եթե անմիջապես չի հեռանալ Սևևորդյաց աշխարհից, ես ինքս իմ գարդմանացի գնդերով կերթամ և կհալածեմ նրան յուր սիրած հովիտներից։ Քո թագավորը ո՛չ միայն անուշադիր էր թողել իմ նամակը, այլև ծիծաղել էր իմ սպառնալիքի վրա: -Այդ ի՞նչ է. միթե գարդմանացիք սիրահարների դե՞մ էլ են պատերազմում,-հեգնելով ասել էր նա իմ հավատարմին։ Բայց ես, որ ի բնե կատակ անել չէի սիրում, որոշեցի խրատել իմ ստահակ փեսային։ Միայն թե իսկույն ևեթ չգործագրեցի այդ որոշումը, որովհետև դեռ պետք է խեղճ աղջկաս սիրտը պատրաստեի յուր դժբախտությունը լսելու։ Եվ այս մի ծանր պարտավորություն էր սիրող հոր համար` բուժել ինքն իրեն բախտավոր համարող զավակին յուր դժբախտությունը։ Մինչ այս, մինչ այն, Աբաս արքաեղբոր և նրա աներոջ դավադրությունը երևան եկավ, որից ստիպված, ինչպես գիտես, թագավորը քաշվեցավ Ուտիք։ Եվ, ահա՛, մի դժբախտ օր նամակ եմ ստանում իմ դստեր դայակից, թե թագուհին մերձիմահ հիվանդ
Էջ:Muratsan, vol. 4.djvu/122
Արտաքին տեսք